Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կանանց խմբերում մարտից կսերտեն Պողոս առաքյալի Փիլիպպեցիներին ուղղված նամակը: Մինչ այդ, կանանց խմբերի առաջնորդներն ու պատրաստվողները միասին սերտում են նամակի ներածությունն ու խմբերում սերտողություն վարելու առանձնահատկությունները:
Փետրվարի 3-ին Բաղրամյան 18-ում էին հավաքվել Երևանի ու հարակից քաղաքների կանանց սերտողության խմբերի ծառայողները: ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը, ներկայացնելով նամակի ներածությունը, անդրադարձավ նաև այն գրքին, որով առաջնորդներն ուղղորդելու են սերտողությունը: Փիլիպեցիս թղթի սերտողության հիման վրա գրված Դոն Սթորմըրի «Ուրա՛խ եղեք Տիրոջով» գիրքը կօգնի ծառայողներին, որպեսզի առավել խորությամբ ուսումնասիրեն նամակն ու օգնեն ՀԱԵ կանանց՝ այն յուրացնելու:
Փետրվարի 9-ին նույնօրինակ սեմինար տեղի ունեցավ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Սյունիքի տարածաշրջանի կանանց խմբերի առաջնորդների համար: Նրանք հավաքվեցին Գորիսում: Իսկ փետրվարի 15-ին ՀԱԵ-ն Վանաձորում հյուրընկալեց Հայաստանի հյուսիսային տարածաշրջանի քաղաքներից ժամանած կին ծառայողներին:
Փիլիպպեցիներին ուղղված նամակի ընտրությունը սերտողության համար ՀԱԵ կանանց աշխատանքային խումբը կայացրել է բոլոր համայնքներից ստացած առաջարկությունների հիման վրա: Տարիներ շարունակ ՀԱԵ կանանց բոլոր սերտողության խմբերը նույն բանն են սերտում, ինչի շնորհիվ հոգևոր աճի հավասարաչափ ընթացքի մեջ են: Փիլիպպեցիցիս նամակում արծարծվող ուրախության թեման կխոսվի կանանց մեկօրյա ու ամառային համագումարների ընթացքում՝ «Ուրախություն ի Տէր» խորագրի ներքո (Փիլիպպեցիս 4.4):