Փետրվարի 4-7-ը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության ծառայողներն ուսումնասիրեցին ՔԴ ընդհանուր սկզբունքները, պատանիների ու երիտասարդների տարիքային առանձնահատկությունները:
Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցի դասախոս Հալա Բիթար Խուրին դասընթացի 40 մասնակցի սովորեցրեց գնահատել տարբեր տարիքային խմբերի կարիքները, հնարավորություններն ու մարտահրավերները, ձևակերպել տեսիլքն ու առաքելությունը տվյալ խմբի համար:
Անդրադառնալով հոգեբանության մեջ հայտնի տարբեր տեսություններին, համեմելով դրանք գործնական խաղերով ու հոգեբանական թեստերով՝ Հալա Բիթար Խուրին շոշափելի դարձրեց Քրիստոնեական դաստիարակության ոլորտում ծագող հնարավոր խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները:
Դասընթացի ավարտին մասնակիցները բավականաչափ զինված էին աստվածաշնչյան դասերի թեմաներ և ուրվագծեր կազմելու համար, որոնք կբխեն տարիքային առանձնահատկություններով պայմանավորված տեսիլքից ու առաքելությունից:
Այս դասընթացը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցի համագործակցության, և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աջակցության արդյունքում ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության ծառայողների վերապատրաստման և սերտիֆիկացման երկամյա դասընթացի երկրորդ փուլի շրջանակում էր:
Հերթական դասընթացի արդյունքները ևս կամփոփվեն քննությամբ: