.
Հավատքից ծնված հայրենասիրություն

«Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում»
Եբր․ 11․6

«Վասն Հավատո, վասն հայրենյաց»։ Հավատքն է ծնում իրական հայրենասիրությունը։ Այդ հայրենասիրությունը վերցնում է հավատքի էությունն ու հիմքը։ Հավատք, որ հիմնված է Քրիստոսի ավետարանի վրա։ Այդ ավետարանի էությունը սերն է՝ աստվածային սերը, որի ինքնազոհ օրինակը տեսանք մարդեղացած Քրիստոսի մեջ և միջոցով։ Այդ հավատքի հիմքը հավատարմությունն է։ Հավատալ նշանակում է հավատարիմ մնալ Աստծուն՝ Իր Խոսքին հնազանդվելով և Իր կամքը կատարելով։

Հիսուս Քրիստոսը սիրեց մեզ հենց այդ սիրով և մինչև վերջ հավատարիմ մնաց՝ հնազանդվելով Աստծուն՝ մինչև իսկ խաչի մահվամբ (Փիլ․ 2․5-11)։

Այն հավատքը, որ հիմնված է նման սիրո վրա, պատրաստ է տալու նույնիսկ ամենաթանկագինը։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց (Հովհ․ 3․16)։ Տալը՝ անմնացորդ նվիրվելը, այդ սիրո բարձրագույն դրսևորումն է։

Այն հայրենասիրությունը, որ հավատքից է գալիս, անմնացորդ կերպով սիրում և կառչած է մնում իր հողին ու հայրենիքին։ Այդ հայրենասիրությունը հավատարիմ է մնում Աստծուն, և այն դրսևորվում է Նրան հնազանդվելով։

Այսօր, մինչ կհիշենք ու կհիշատակենք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած մեր հերոսներին անցյալում և ներկայում, մինչ կոգեկոչենք նրանց անմնացորդ սիրո դրսևորումը հայրենիքի հանդեպ, եկեք ինքներս մեզ հարցնենք, թե մեր հայրենասիրության էությունն ու հիմքը ի՞նչ ժայռի վրա ենք կառուցում։

Արդյո՞ք այն բխում է այդ նույն հավատքից, որ դրսևորվեց նախ Քրիստոսի սիրով և հավատարմությամբ և հետո նաև Քրիստոսին հուսացած մեր հավատքի հերոսների օրինակով։

Վասն հայրենյացը բխում է միայն վասն հավատո համոզումից և կյանքից ․․․

 

ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ
վեր. Հովհաննես Հովսեփյան