Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 13 երեցկին հավաքվել էր Հանքավանի «Շողիկ» ճամբարում՝ 24 ժամ միասին լինելու, աղոթքի, սերտողության ու հաղորդակցության համար:
Ջերմ, մտերմիկ ու ընտանեկան մթնոլորտում երեցկանանց առօրյան լցվեց ինտելեկտուալ ու զվարճալի խաղերով, նվերներով, հաղորդակցությամբ, բայց առավել կարևորը՝ միասնական աղոթքի, փառաբանության երկար ժամերի, ու Աստծո Խոսքի շուրջ խորհրդածության հնարավորությունն էր:
Մոնիկա Հովսեփյանը խոսեց Էրին Ուիլերի՝ «Հովվի աղոթող կնոջ առանձնաշնորհումն ու զորությունը» հոդվածից առանձնացված 5 աղոթքի նյութերի մասին՝ հորդորելով երեցկանանց աղոթել իրենց ամուսինների համար, ուշադրություն դարձնելով նաև հեղինակի առանձնացրած ոլորտներին.
1.Աղոթել ամուսնու հոգևոր աճի համար:
(Ղուկաս 8.15, Կողոսացիս 2.6-7)
2.Աղոթել ամուսնու իմաստության համար՝ խնդրելով զանազանության հոգին:
(Առակաց 1.7, Հակոբոս 1.5-6)
3.Աղոթել, որպեսզի Աստված հեռու պահի նրան փորձությունից:
(Գաղատացիս 5.21, Հակոբոս 1.14-15)
4.Աղոթել ամուսնու ֆիզիկական անվտանգության, ապահովության, տեսանելի ու անտեսանելի վտանգներից հեռու պահելու համար:
(Բ Թեսաղոնիկեցիներին 3.3, Բ Օրինաց 31.6)
5.Աղոթել ամուսնու հոգևոր առաջնորդության համար, որպեսզի նաև առաջնորդներ պատրաստի:
(Եփեսացիս 5.25, Եփեսացիս 6.4, Հովհաննու 15.16):
Համագումարի մասնակիցներն առիթ ունեցան նաև խմբերում մտորելու աստվածաշնչյան առանձնացված համարների շուրջ ու այդ համարներից բխող աղոթքներ գրելու: Երեցկանայք, արժևորելով այդ կարճ հավաքը, խոսեցին իրենց կարիքներից, քննարկեցին հետագայում նմանօրինակ հանդիպումների ֆորմատը, անհրաժեշտ փոփոխություններն ու լրացումները՝ ակնկալելով, որ ավելի հաճախ կհանդիպեն: