Փետրվարի 15-22-ը Հայաստանում էր սփյուռքում միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատության՝ Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահի տեղապահ վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանը:
Այցի հիմնական նպատակը փետրվարի 16-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում «Հայկազեան Հայագիտական Հանդէս» պարբերականի 2023 թ.-ի երկհատորյակի շնորհանդեսն էր:
««Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ը յուրատեսակ կամուրջ է Հայաստանի և Սփյուռքի միջև, և ուրախ եմ, որ Երևանում ևս տեղի ունեցավ հատորների շնորհանդեսը: Մինչև Արցախի հայաթափումը, երկու անգամ հասցրել ենք այնտեղ շնորհանդես կազմակերպել»,- նշեց վեր. դոկ. Փոլ Հայդոսթյանը:
Ամենամյա այս միջոցառման շրջանակում Հայաստան այցելությունն այս անգամ լեցուն էր ակադեմիական ու հոգևոր տարատեսակ հանդիպումներով և միջոցառումներով:
Վեր. դոկ. Փոլ Հայդոսթյանը փետրվարի 19-ին դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետում, թեման՝«Խոհեր և քաղվածքներ Մերձավոր Արևելքում՝ հայ օջախների 100-ամյակների առթիվ»:
Փետրվարի 20-ին, Գիտությունների Ազգային Ակադեմիայի գրադարանում ներկայացվեց Հայկազյան համալսարանի հրատարակությունները, իսկ փետրվարի 21-ին ԳԱԱ-ի արևելագիտության ինստիտուտում խոսվեց «Գազա-Իսրայել պատերազմը Միջին Արևելյան քրիստոնեական ընկալումով» թեմայի շուրջ:
«Սա աշխատանքային սեմինար էր, մասնակցեցին նաև արևելագիտության բաժնի մասնագետները, բայց ես հիմնական դասախոսությամբ հանդես եկա բոլորի համար նոր նյութով՝ պատերազմի հետ ինչպես է առնչվում Միջին Արևելյան քրիստոնեությունը և քրիստոնեությունն ընդհանրապես: Ինչպե՞ս է ազդվում, ինչպե՞ս է մտածում»,- պարզաբանեց վերապատվելին:
Համագործակցությունը թարմացնելու համար վեր. դոկ. Փոլ Հայդոսթյանը հանդիպումներ ունեցավ նաև Ամերիկյան համալսարանի նախագահի, ԵՊՀ ռեկտորի, Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի ներկայացուցիչների հետ:
Գիտական ժողովներին ու դասախոսություններին ներկա էին նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվներն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչները:
Ակադեմիական ու գործնական հանդիպումների խիտ գրաֆիկում վեր. դոկ. Փոլ Հայդոսթյանը կարևորեց Հայաստանյայց Ավետարանական եկեղեցուն հատկացրած ժամանակը:
Կիրակի օրն առիթ ունեցավ ոչ միայն առաջին անգամ այցելելու Իջևան և Դիլիջան, այլև այդ քաղաքներում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կիրակնօրյա պաշտամունքի պատգամաբերը լինելու, հանդիպելու ծառայողական կազմի ու հոգաբարձուների հետ:
Շաբաթվա ընթացքում վեր. դոկ. Փոլ Հայդոսթյանը հանդիպեց նաև ՀԱԵ Հոգևոր Խորհրդի, դիվանի կազմի, ինչպես նաև հովվական հանձնախմբի հետ: Ընդլայնված կազմով ու անհատական հանդիպումներ ունեցավ ՀԱԵ հովիվների հետ, ովքեր այս օրերին Երևանում էին հատուկ դասընթացի մասնակցելու համար:
Հանդիպումները հիմնականում ռազմավարական էին՝ ապագայի ծրագրերի, աշխատանքային ոճի, եկեղեցու կարիքների ու կազմակերպչական այլ հարցերի շուրջ: Վերապատվելին անդրադարձավ նաև ՀԱԵ հիմքերն ամրացնելուն անհրաժեշտ հոգևոր, կրոնական, կազմակերպչական և ակադեմիական նյութերին:
«Ճիշտ է, Հայաստանի խնդիրներն ու կարիքները շատ են, բայց նաև պոտենցիալն է շատ, այդ պատճառով նույնիսկ դժվար օրերում ոգևորիչ է, որ այստեղ ենք, և թե՛ մենք ենք ներշնչվում, թե՛ մեր ներդրումն ենք ունենում: ՀԱԵ հովիվների ու ղեկավար կազմի հետ հանդիպումը ստրատեգիական էր. Ի՞նչ կերպերով պետք է եկեղեցին՝ որպես եկեղեցի, հովիվները՝ որպես հովիվներ, զարգանանք, ինքնազարգանանք, ինչպե՞ս կարող է Ավետարանական եկեղեցին աճել հանրային կյանքում կարևոր ներդրումների ուղղությամբ: Ե՛վ եկեղեցական, և՛ ակադեմիական տեսանկյունից գոհունակ սրտով եմ վերադառնում:»,- հավելեց վեր. դոկ. Փոլ Հայդոսթյանը՝ ամփոփելով իր այցելությունը Հայաստան: