.
Կանանց հերթական համագումարը Հանքավանում

Օգոստոսի 24-26-ը Հայստանի տասնյակ քաղաքներից մոտավորապես 170 կին էր հավաքվել Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում: Գրեթե բոլորին միավորել էր Աստծո խոսքը սերտելու եւ Տիրոջը պաշտելու մեծ փափագը: Համագումարի ընդհանուր վերնագիրը՝ «Կինն Աստծո աչքերում», առավել բացահայտվեց խոսնակների օգնությամբ: Առաջին օրը Հուրի Մելքոնյանը խոսեց այն մասին, թե, ու՞ր են գնում եւ ու՞մ են դիմում կանայք, երբ նեղության եւ դժվարության մեջ են: Տիկին Հուրին, Աստծո խոսքով հիմնավորեց գուշակներին, գրբացներին եւ տարատեսակ գործողություններով Աստծո գործն իրենց վրա վերցրած մարդկանց մոտ գնալու վտանգների, եւ նեղության մեջ ամենակարող Աստծուն վստահելու կարեւորության մասին: Այնուհետեւ, օրվա երկրորդ կեսից հետո, Էլիզ Բաղդասարյանը համագումարի մասնակիցների համար բացահայտեց Աստծուն ապավինող կնոջ հատկություններն ու օրհնությունները: Նյութը խոսնակների կողմից ներկայացվելուց հետո, համագումարի մասնակիցներն այն քննարկելու հնարավորություն էին ունենում փոքրիկ խմբերում: Համագումարի թեմայի լիարժեք ամփոփումը եղավ վերջին օրը. Վեր. Մկրտիչ Մելքոնյանը, Ելից 2-րդ գլխում նկարագրված Մովսեսի մոր եւ քրոջ օրինակով անդրադարձավ Աստծուն հաճելի կնոջ կերպարին եւ հատկություններին, ցույց տալով այն բազմաթիվ օրհնությունները, որոնք վեր են մարդկային պատկերացումներից: Վերապատվելին նաեւ Սուրբ Հաղորդություն մատուցեց:

Համագումարի մասնակիցները, երկու օրերին նաեւ միասին խաղալու, իրար վկայությունները լսելու, տաղանդները ներկայացնելու եւ ձեռային աշխատանք կատարելու հնարավորություն ունեցան: Փոքրիկ խմբերով էր նաեւ առավոտյան մենիկ պահը, որի ընթացքում բազմաթիվ օրհնյալ պահեր եղան: Տուն վերադառնալիս շատերը վկայեցին, որ համագումարն իրենց համար բացահայտեց Աստծո աչքերում հաճելի կնոջ իրական պատկերն ու կյանքում շատ բաներ փոխելու որոշման հանգեցրեց:

Սա կանանց համար այս տարի կազմակերպված թվով 2-րդ համագումարն էր, եւ այս անգամ մասնակիցների համար տարիքային սահմանափակում չկար: Առաջինը տեղի էր ունեցել հունիսի 15-17-ը եւ նախատեսված էր մինչեւ 45 տարեկան կանանց եւ աղջիկների համար:   

Նախորդ
...
X