.
ՀԱԵ-ն Երեվանում նոր օգնական հովիվ ունի

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Երեւանի՝ Բաղրամյան 18-ի համայնքը նոր օգնական հովիվ ունի: Սեպտեմբերի 3-ին, ՀԱԵ Բաղրամյան 18-ում՝ կիրակնօրյա պաշտամունքի ընթացքում, ավագ հոգեւոր հովիվ՝ Վեր. Մկրտիչ Մելքոնյանի եւ ՀԱԵ միության նախագահ՝ Վեր. Գեւորգ Գասպարյանի առաջնորդությամբ, տեղի ունեցավ եկեղեցու նոր օգնական հովվի՝ պատվելի Ատոմ Սիմոնյանի պաշտոնակոչության արարողությունը: Ավագ հովիվ՝ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը, պատգամի ավարտին Պատ.Ատոմ Սիմոնյանին վկայության առիթ տվեց, որից հետո տեղի ունեցավ վերջինիս պաշտոնակոչությունը: ՀԱԵ կարգի համաձայն, Ատոմ Սիմոնյանը համայնքի առջեւ հանդիսավորությամբ խոստացավ հավատարմությամբ կատարել ծառայությունն ու հավատարիմ մնալ իր կոչմանը: Այնուհետեւ Վեր. Մելքոնյանն աղոթեց Նոր օգնական հովվի ու նրա նոր ծառայության համար: Պաշտամունքի ավարտին նոր օգնական հովիվը, ավագ հովիվների հետ միասին, Սուրբ Հաղորդություն մատուցեց համայնքին:    

Ատոմ Սիմոնյանը ծնվել է 1983 թ-ի հունիսի 10-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում: 
2000 թ-ին ավարտել է Իջեւանի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել եւ 2004թ.-ին ավարտել է Իջեւանի պետական քոլեջի իրավագիտության ֆակուլտետը: Սովորելու տարիներին՝ 2001-2003թթ., զորակոչվել եւ պարտադիր զինվորական ծառայություն է անցել Նոյեմբերյանի զորամասում: 
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի սկսել է հաճախել 1996թ.-ից, երբ դեռ պատանի էր, այդ տարիներին էլ ստացել է վերստին ծննդի փորձառությունն ու Աստծուն ծառայելու կոչումը: Մինչեւ բանակ մեկնելը, ծառայություն է ունեցել Իջեւանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու քրիստոնեական դաստիարակության բաժնում, սակայն հովվական ծառայության կոչումը լիարժեք զգացել է բանակային ծառայությունից հետո, երբ նրան Իջեւանի ՀԱԵ-ում քարոզելու եւ փոքրիշատե հովվական ծառայության հնարավորություն է ընձեռվել: Իր կոչումն ու Աստծո կամքը լավագույնս կատարելու համար՝ Ատոմ Սիմոնյանը 2005թ.-ին ընդունվել, եւ 2009թ.-ին ավարտել է Հայաստանյայց Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիան, ստանալով Աստվածաբանության բակալավրի որակավորում: 2013թ-ի մարտին Ատոմը մեկ ամսով փորձառական շրջան է անցել Բեյրութի Հայ Ավետարանական Եկեղեցիներում, որից հետո ծառայություն է սկել Բերդ քաղաքի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում: Որպես պատվելի հովվական արտոնությունը ստացել է 2014թ.-ի փերվարի 14-ին, եւ մինչեւ 2017թ.-ի հոկտեմբերի վերջը ծառայել է Բերդի ՀԱԵ-ում, որպես հովիվ: Պատվելի Ատոմ Սիմոնյանն ամուսնացած է, ունի երկու որդի: 

Նախորդ
...
X