.
Կյանքի հայտնության սպասումով

«Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։ Հիսուսի մահը ամեն ժամ մեր մարմնի մեջ կրում ենք, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմնի մեջ հայտնվի»։ Բ Կորնթ․ 4․8-10

Ապրիլի 24-ը մեր ազգային ողբերգության հիշատակի օրն է։ Այն մեր ազգի պատմության մեջ ամենամեծ ցեղասպան  և ծրագրված ոճրագործություններից է, որ կատարվեց Օսմանյան Թուրքիայի օրոք՝ երիտթուրքերի ձեռքով։

Տառապանքն ու ցավը, անդառնալի կորուստն ու սուգը մարդուն կամ մի ողջ ժողովրդի անդունդի առջև են կանգնեցնում և փշրում նրա երազներն ու ապագայի, վաղվա օրվա լավատեսությունը։ Սա ամենամեծ մարտահրավերն է, որ մարդը դիմագրավում է իր կյանքում։ Նույնիսկ հավատը կարող է տեղի տալ, եթե այն ամուր հիմքի վրա չի կառուցվել, որ է Քրիստոսը՝ մեր հավատի Գլուխն ու Անկյունաքարը։

Անկախ ամեն ինչից, ճշմարիտ քրիստոնյաները հետապնդվել, հալածվել և քշվել են դեպի անդունդի եզրը, որպեսզի հրաժարվեն իրենց հավատից ու այն սկզբունքներից, որոնց միջոցով կերտվել ու կերտել են սերունդներին։

Մեր ազգի տառապանքն ու ցավը հաճախ մեզ հավաքական հարցի առջև են կանգնեցրել․ եթե Աստված կա և սիրում է մեզ, ինչո՞ւ ենք մենք տառապում։

Քրիստոնյաները տառապում են, քանի որ Քրիստոսը, ում հետևում ենք, նույնպես տառապանք կրեց․

«Հիշե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի. "Ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը"։ Եթե ինձ հալածեցին, ձեզ նույնպես հալածելու են. եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն։ Բայց այս ամենը իմ անվան պատճառով կանեն ձեզ, որովհետև ինձ ուղարկողին չեն ճանաչում»  (Հովհ․ 15․20-21)։

Աստվածճանաչության ուրացումը կուրացրել ու թմրեցրել է մարդուն, մի ողջ հասարակության կամ մի ամբողջ ազգի։ Աստված Իր մարդեղացած Որդու միջոցով անբացատրելի տառապանք ու ցավ ապրեց, որպեսզի մեզ մեղքի ու մահվան ճիրաններից դեպի Իր հավիտենական լույսն ու կյանքը վերադարձնի։

Աստված տառապում է նաև այսօր մեղքի ու մահվան մեջ ընթացող մարդու անհոգ ու արհամարհական կեցվածքով։

Նա նաև կիսում է որդեկորույս մայրերի աղաղակն ու ցավը, անարցունք սգացող հայրերի լուռ աղերսը, սիրելիներից բաժանված ու անհույս սգացող սրտերի հետ լալիս է, ովքեր այս կյանքից այն կողմ ոչ մի հույս ու ապագա չեն տեսնում։ Քրիստոսի հարությունը մեր հարության գրավականն է, եթե միայն հավատանք, և այդ հավատը կենդանի, շարունակական հաղորդակցության ձև ու ընթացք ստանա Աստծո հետ։

Ի՞նչ արեցին վաղ շրջանի եկեղեցու հավատարիմ քրիստոնյաներն իրենց դեմ սրով, կացնով և վայրի գազաններով ու խարույկներով դուրս եկած ամբոխի առաջ։ Նրանք, հանուն հավատի, իրենց ինքնազոհ մահով ապացուցեցին, որ հավատում են մեկին, ում Աստված հարություն տվեց մեռելներից և կարող է իրենց էլ հարություն տալ։

Հանուն հավատի մեռնելը Քրիստոսին հավատարիմների պատասխանն էր՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր, ատելությամբ լցված Աստծո դեմ, Նրա եկեղեցու հետևորդներին էին հալածում ու սպանում։

Այն, ինչ տեղի ունեցավ մեր հայրերի ու մայրերի հետ սրանից 109 տարի առաջ, անդառնալի կորուստ ու ցավ է մեր ազգային գիտակցության մեջ։ Այդ ցավը զգալի է, ու վերքը բաց է նաև այսօր։

Բայց հավատի արձագանքն ենք փնտրում այսօր՝ մեր օրերում, մեր իրականության առջև ծառացած հարցերին ի պատասխան։ Քրիստոսի հարության լույսն ու կյանքն ենք փնտրում մեր օրերի խավարում մեր հավաքական իրականության մեջ։

Մինչ քայլում ենք «մահվան արահետով», մտովի հիշում ու հարգանքի տուրք մատուցում մեր նահատակների հիշատակին, մտածենք նաև այն կյանքի խոստման մասին, որ Քրիստոսի միջոցով մեզ հայտնվեց։

 

Հովհաննես Հովսեփյան
ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ