Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու տղամարդկանց հանձնախմբի նախաձեռնությամբ հունիսի 7-8-ը Հանքավանի Շողիկ ճամբարում էին հավաքվել Հայաստանի 22 շրջանից ՀԱԵ մոտ 100 տղամարդ: «Բանաձև տղամարդու համար» խորագրով համագումարի թեման համանուն գրքից էր, որն առաջիկայում կդառնա ՀԱԵ Սուրբ Գրքի սերտողության տղամարդկանց խմբերի ուսումնասիրության թեման: Համագումարը յուրօրինակ ներածություն էր հետագա սերտողությունների համար:
Հանդիպման առաջին օրը ՀԱԵ տղամարդկանց հանձնախմբի պատասխանատու պատ. Դավիթ Բաբայանը ներկայացրեց գրքի ներածությունը:
Այս գիրքը ինքնատիպ ուղեցույց է տղամարդկանց համար, որպեսզի դառնան խիզախ և ընտանիքին նվիրված առաջնորդ՝ հիմնված հավատքի հաստատունության վրա: Գրքի հեղինակները (Սթիվեն և Ալեքս Կենդրիկներ, Ռենկի Ալկոռն) ռազմավարական նպատակ են դնում և մարտահրավեր են նետում ուժեղ սեռի ներկայացուցիչներին՝ հորդորելով նրանց լինել այնպիսին, ինչպիսին նրանք ի սկզբանե նախատեսված են Աստծո կողմից:
Համագումարի խոսնակը ՀԱԵ Վանաձորի հոգևոր հովիվ վեր. Վարդան Ափինյանն էր, ով եղբայրներին խոսեց Հեսու 24.15 համարի շուրջ. «․․․ Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու»։
Թեման բաղկացած էր 3 բաժնից: Առաջին օրը վեր. Ափինյանը խոսեց որպես տղամարդ մեղքին ոչ ասելու անհրաժեշտության ու այդ ուղղությամբ ջերմեռանդորեն աշխատելու մասին: Երկրորդ օրվա թեման վճռական տղամարդու մասին էր, ով հավատարմությամբ է ծառայում և պաշտում Տիրոջը: Յուրաքանչյուր թեմայից հետո տղամարդիկ բաժանվում էին փոքր խմբերի, որտեղ անձնական անդրադարձ ու քննարկում էին ունենում:
Սերտողություններից ազատ ժամերին եղբայրները հաղորդակցության, միասին հաց կիսելու և ֆիլմ դիտելու առիթներ ունեցան: Ի դեպ, ֆիլմը, որը կոչվում էր «Համարձակները», նույպես առնչվում էր համագումարի թեմային։
Իսկ վերջին օրը եղբայրները մասնակցեցին Հաղորդության Պաշտամունքի, որի պատգամաբերը վեր. Ավետիք Խաչատրյանն էր: Քարոզի նյութը Կողոսացիներին ուղղված՝ Պողոս առաքյալի նամակի երկրորդ գլուխն էր:
«Հաղորդությունը հիշեցում է մեզ այն մասին, որ մենք մեր մեղքի պատճառով մեռած էինք և միայն շնորհով ենք փրկված: Հիսուսի Խաչը մեզ միավորում ու հաշտեցնում է, իսկ Սուրբ հոգին շարունակում է մեզ հղկել ու կառուցել որպես Աստծո բնակարան»,- նշեց վեր. Խաչատրյանը:
ՀԱԵ տղամարդկանց համագումարի ավարտն ազդարարվեց խմբային լուսանկարով: Եղբայրները տուն վերադարձան՝ իրենց մտքում պահելով այն մարտահրավերներն ու բանաձևերը, որոնք շարունակելու են սերտել արդեն տեղական եկեղեցիներում: