.
Կանանց մեկօրյա համագումար Գորիսում

Սյունիքի մարզի՝ Սիսիանի, Կապանի ու Գորիսի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու գրեթե 60 կին հունիսի 15-ին հավաքվել էր Գորիսի ՀԱԵ հյուրընկալ հարկի տակ՝ միասին սերտելու Աստծուց բխող իրական ուրախության մասին:

Սա ՀԱԵ կանանց մեկօրյա համագումարներից երրորդն էր: Նախորդ երկուսը տեղի էին ունեցել Երևանում և Իջևանում:

Թեման նույնն էր՝ «Միշտ ուրախ եղե՛ք ի Տեր», սերտողության նյութը՝ Պողոս առաքյալի՝ փիլիպպեցիներին ուղղված նամակը: ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը, ով համագումարի խոսնակն էր, նշեց, որ սա ուրախության նամակ է իրական տխրության ու դժվարության ժամանակ, և այդ ուրախությունն ունի աղբյուր, ուղղություն ու կախված չէ որևէ հանգամանքից:

Համագումարի նյութը լսելուց հետո կանայք բաժանվեցին փոքր խմբերի ու խոսեցին թվարկած 3 կետերի մասին անհատական մակարդակով: Պողոս առաքյալի օրինակով սովորեցին, որ եթե ուրախության աղբյուրը Տերն է, ապա այն ուղղված է նաև միմյանց ու հարատև է, քանի որ հանգամանքներն այդ ուրախության վրա ազդեցություն չունեն:

Համագումարի մասնակիցները նաև փառաբանության երգերով մեծարեցին Աստծուն, իսկ հյուրասիրության համեղ սեղանների շուրջ հաղորդակցությամբ ամրապնդեցին մտերմությունը:

Շուտով՝ հունիսի 26-28-ը, Հանքավանի «Շողիկ» ճամբարում նորից կհանդիպեն, ու այս անգամ արդեն Հայաստանի բոլոր շրջաններից ժամանած քույրերի հետ միասին կշարունակեն սերտել Փիլիպպեցիներին ուղղված նամակում ուրախության երանգները:

 

Նախորդ
...
X