Եբրայեցիներին 12.1-3 Շաբաթ | Հունվարի 13
Ուրեմն Նրա՛ մասին մտածեք, ով մեղավորների կողմից Իր դեմ այսպիսի հակառակություն կրեց, որպեսզի դուք չհոգնեք և չհուսահատվեք: Եբր.12.3
ՀԱՐԱՏԵՎԵԼ ՀԻՍՈւՍՈՎ
Երբ տարիներ առաջ ես աստվածաբանական դպրոցի ուսանող էի, շաբաթական պաշտամունքի ժամ ունեինք: Պաշտամունքներից մեկի ժամանակ, երբ երգում էինք «Մեծ է մեր Տերը» երգը, նկատեցի մեր շատ սիրելի դասախոսներից երեքին, որոնք հավատով և եռանդով երգում էին:
Տարիներ հետո, երբ յուրաքանչյուրն անցավ մահացու հիվանդության փորձությունով, այդ հավատքն էր, որ նրանց հնարավորություն տվեց դիմանալ և քաջալերել ուրիշներին: Այսօր նրանց հիշատակը շարունակում է քաջալերել ինձ, որպեսզի շարունակեմ դիմանալ իմ փորձություններին: Ինձ համար նրանց կյանքերը հավատքով ապրած մարդկանց ոգեշնչող պատմություններից են: Նրանք հիշեցնում են, թե ինչպես մենք կարող ենք հետևել Եբրայեցիներին ուղղված նամակի մեջ գրված հեղինակի կոչին. «Հիսուսին նայելով, որ Իր առջև եղած ուրախության համար խաչը հանձն առավ, ամոթն արհամարհեց» (հ․ 12.2-3):
Երբ փորձությունները հալածանքների կամ կյանքի դժվարությունների պատճառով բարդացնում են ընթացքը շարունակելը, մենք ունենք նրանց օրինակը, որոնք ընդունեցին Աստծո Խոսքը և վստահեցին Նրա խոստումներին:
Մենք կարող ենք «համբերությամբ վազել մեզ առաջարկված մրցարշավը» (հ․ 1)՝ հիշելով, որ Հիսուսը և նրանք, ովքեր մեզնից առաջ են գնացել, կարողացել են դիմանալ: Հեղինակը հորդորում է մեզ. «Ուրեմն Նրա՛ մասին մտածեք, Ով մեղավորների կողմից Իր դեմ այսպիսի հակառակություն կրեց, որպեսզի դուք չհոգնեք և չհուսահատվեք» (հ․ 3):
Իմ ուսուցիչները, ովքեր այժմ երջանիկ են երկնքում, հավանաբար ասում են. «Հավատքի կյանքն արժե շարունակել»:
Աղոթք -Սիրելի՛ Հիսուս, օգնի՛ր ինձ, որ շարունակեմ հայացքս ուղղել Քեզ: Երբ ես հոգնած եմ և սիրտս ուժասպառ է, շնորհակալություն եմ հայտնում Քեզ՝ Քո օրինակի համար և նրանց, ովքեր ինձնից առաջ անցել են: Ամեն:
Ո՞վ է ոգեշնչել քեզ շարունակել հավատքիդ ճանապարհը: Ինչպե՞ս է նրանց օրինակը քաջալերում քեզ դիմանալ փորձություններին, դժվարություններին:
Աստվածաշունչը մեկ տարում | Ծննդոց 31-32, Մատթեոս 9.18-38