Հովհաննես 13.6-17 Հինգշաբթի | Հունվարի 18
Որովհետև Ես ձեզ օրինակ ծառայեցի, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն կերպ անեք։ Հովհ.13.15
ԼՎԱՆԱԼ ՈՏՔԵՐԸ․․․ԵՎ ՍՊԱՍՔԸ
Չարլին (Charley) և Ջենին (Jan) իրենց ամուսնության հիսունամյակի առթիվ նախաճաշ կազմակերպեցին իրենց որդու՝ Ջոնի (Jon) հետ: Այդ օրը ճաշարանի անձնակազմը լրիվ չէր, և աշխատում էին միայն տնօրենը, խոհարարը և դեռատի մի աղջիկ, որ թե՛ հյուրերին դիմավորողն էր, թե՛ սպասարկողը, թե՛ գանձապահը: Երբ նրանք վերջացրին նախաճաշը, Չարլին իր կնոջն ու որդուն ասաց. «Կարևոր գործ ունե՞ք հաջորդ մի քանի ժամվա ընթացքում»: Նրանք որևէ գործ չունեին:
Այսպիսով, տնօրենի թույլտվությամբ, Չարլին և Ջենին խոհանոցում սկսեցին լվանալ ափսեները, մինչ Ջոնը մաքրում էր սեղանները:
Ջոնի կարծիքով՝ այդ օրվա պատահածն այնքան էլ արտասովոր չէր: Նրա ծնողները միշտ ցույց էին տալիս Հիսուսի օրինակը, որ «եկավ ոչ թե ծառայություն ընդունելու, այլ ծառայելու» (Մարկ 10.45):
Հովհաննես 13-րդ գլխի մեջ մենք կարդում ենք վերջին ընթրիքի մասին, որ Հիսուսն ունեցավ Իր աշակերտների հետ: Այդ գիշեր Ուսուցիչը նրանց սովորեցրեց խոնարհությամբ ծառայելու սկզբունքը՝ լվանալով նրանց կեղտոտ ոտքերը (հ․ 14-15): Եթե Նա պատրաստ էր կատարել տասնյակ տղամարդկանց ոտքերը լվանալու նվաստացուցիչ գործը, նրանք նույնպես պետք է ուրախությամբ ծառայեն ուրիշներին:
Ծառայության յուրաքանչյուր ոլորտ, որին մենք հանդիպում ենք, կարող է տարբեր դրսևորումներ ունենալ, բայց մեկ բան նույնն է՝ ծառայելը մեծ ուրախություն է պատճառում: Ծառայությունների գործողություններից բխող նպատակը ոչ թե նրանց կատարողներին գովաբանելն է, այլ սիրով ծառայելն ուրիշներին՝ միևնույն ժամանակ ամբողջ գովասանքն ուղղելով մեր խոնարհ և անձնազոհ Աստծուն:
Աղոթք - Սիրո՛ղ Փրկիչ, շնորհակալ եմ, որ քո օրինակով ցույց տվիր, թե ինչպես ծառայեմ: Ամեն:
Խոնարհությունն ուրիշներին ծառայելու կարևոր հատկանիշ է: Հիանալի է, երբ մեկն առաջարկում է օգնել մեզ մեր դժվար իրավիճակներում:
Աստվածաշունչը մեկ տարում | Ծննդոց 43-45, Մատթեոս 12.24-50