Սաղմոս 25.16-22 Շաբաթ | Հունվարի 20
Նայի՛ր ինձ ու ողորմի՛ր ինձ, քանզի մենակ ու տառապյալ եմ ես։ Սաղմ. 25.16
ՍՏԾՈւՆ ԿԱՆՉԵԼՈՎ
«Որդեգրված կյանքի համար» (Adopted for Life) խորագրով իր գրքի մեջ դոկտ. Ռասսել Մուրը նկարագրում է իր ընտանիքի ուղևորությունը դեպի մանկատուն՝ երեխա որդեգրելու նպատակով: Երբ նրանք մտան մանկատուն, ապշեցուցիչ լռություն էր տիրում: Օրորոցների մեջ գտնվող երեխաները չէին լալիս ոչ թե այն պատճառով, որ որևէ բանի կարիք չունեին, այլ որովհետև նրանք համոզված էին, որ ոչ ոք չէր պատասխանելու:
Սրտի ցավով կարդացի այդ խոսքերը:
Ես հիշում եմ անթիվ անքուն գիշերներ, երբ մեր երեխաները փոքր էին: Կինս ու ես խոր քնի մեջ արթնանում էինք նրանց աղաղակներից. «Հայրի՛կ, հիվանդ եմ» կամ «Մայրի՛կ, վախենում եմ»:
Մեզնից մեկը գործի էր անցնում և գնում երեխաների ննջասենյակ, որպեսզի ամեն ինչ աներ նրանց հանգստացնելու և խնամելու համար: Մեր երեխաների հանդեպ սերը հիմք հանդիսացավ Աստծուց օգնություն խնդրելու:
Սաղմոսների մեծ մասն աղաղակներ կամ ողբեր են՝ ուղղված Աստծուն: Իսրայելն էլ իր ողբը բերեց՝ Աստծո հետ ունեցած անձնական հարաբերության հիման վրա: Նրանք այն մարդիկ էին, որոնց Աստված Իր «անդրանիկը» (Ելից 4.22) համարեց, և նրանք խնդրում էին իրենց Հորից՝ համապատասխան վերաբերմունք: Նման անկեղծ վստահության հանդիպում ենք Սաղմոս 25-ում. «Նայի՛ր ինձ ու ողորմի՛ր ինձ, …հանի՛ր ինձ իմ վշտերից» (հ․ 16-17):
Մանուկները, որոնք վստահ են խնամողի սիրո վրա, լաց են լինում: Որպես Հիսուսին հավատացողներ՝ Աստծո զավակներ, մեզ իշխանություն է տրված կանչելու Իրեն: Մեզ սիրելու պատճառով Նա լսում ու հոգ է տանում մեր մասին:
Աղոթք - Երկնավո՛ր Հայր, շատ շնորհակալ եմ Քո հավատարմության համար, որ լսում ես աղաղակս և պատասխանում: Ամեն:
Ինչքանո՞վ ես պատրաստ աղաղակներդ բարձրացնել և հասցնել Աստծուն: Ինչպե՞ս կարելի է դա անել այսօր:
Աստվածաշունչը մեկ տարում | Ծննդոց 49-50, Մատթեոս 13.31-58