Եսայի 32.1-8 Երեքշաբթի | Հունվարի 30
Ահա մի թագավոր, որ արդարությամբ է թագավորելու,… տափաստանը՝ ջրի առուների պես: Ես. 32.1-2
ՀԻՍՈւՍԸ՝ ՄԵՐ ԹԱԳԱՎՈՐԸ
Աշխարհի ամենաարևոտ և ամենաչոր երկրներից մեկում նավթահոր փորելու ժամանակ խմբերը զարմացան՝ հայտնաբերելով հսկայական ստորերկրյա ջրային համակարգը: Այսպես, 1983 թ. սկսվեց «մեծ մարդակերտ գետ»-ի ծրագիրը. տեղադրել խողովակների համակարգ՝ բարձրորակ քաղցրահամ ջուր հասցնելու այն քաղաքներին, որտեղ կարիքը շատ կար: Այն վայրի մոտ, որտեղ սկսվել էր ծրագիրը, ցուցատախտակի վրա գրված էր. «Այստեղից է հոսում կյանքի զարկերակը»:
Եսայի մարգարեն օգտագործեց անապատի ջրի պատկերը՝ ապագայի արդար Թագավորին նկարագրելու (Ես. 32): Քանի որ թագավորներն ու տիրակալները թագավորում էին արդարությամբ և ուղղամտությամբ, նմանվում էին «տափաստանի ջրի առուների և մեծ ժայռի հովանու» (հ․ 2): Որոշ ղեկավարներ նախընտրում են վերցնել՝ տալու փոխարեն: Սակայն աստվածավախ առաջնորդի նշանաբանն ապաստան, թարմություն, պաշտպանություն բերելն է: Եսային ասաց, որ «Աստծո արդարության գործը խաղաղություն պիտի լինի Իր ժողովրդի համար», և պիտի լինի «արդարության արդյունքը՝ հանդարտություն ու ապահովություն՝ հավիտյան» (հ․ 17):
Եսայի մարգարեի հույսի խոսքերը հետագայում լիարժեք իմաստ պիտի ունենան Հիսուսով, որ «պիտի իջնի երկնքից… և այդպես Տիրոջ հետ պիտի լինենք հավիտյան» (Ա Թես. 4.15-17): «Մեծ մարդակերտ գետ»-ը ճիշտ նույնն է ՝ստեղծված մարդու ձեռքով: Մի օր այդ ջրամբարը կսպառվի: Բայց մեր արդար Թագավորը կբերի թարմություն և կյանքի ջուր, որ երբեք չի չորանա:
Աղոթք - Տե՛ր Հիսուս, շնորհակալություն Քեզ, որ խաղաղություն բերիր Քո կատարյալ արդար իշխանության միջոցով: Ամեն:
Որտե՞ղ կարիք ունես՝ Հիսուսի կյանքի ջուրը բերելու:
Ինչպե՞ս կարող ես հետևել Իր օրինակին, որպեսզի թարմություն բերես ուրիշների համար:
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 23-24, Մատթեոս 20.1-16