.
2024թ., Փետրվարի 8

 

Եբրայեցիներին 11.1-3, 32-38                                                      Հինգշաբթի   |   Փետրվարի 8

 

Հավատքով…Կրակի զորությունը հանգցրին, սրի բերանից ազատվեցին, տկարությունից զորացան, պատերազմի մեջ ուժեղացան, օտարների բանակներ փախուստի մատնեցին։ Եբրայեցիս 11.34

 

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԱՎԱՏՔԻ ՍՈւՐԲ ԿՏԱԿԸ

 

Երբ սիրելին մեռնում է, իր հարազատների առաջին գործը պատվաբեր հուղարկավորություն կազմակերպելն է. պատրաստում է ննջեցյալի կենսագրականը, մատնանշվում նրա մատուցած ծառայություններն ու արձանագրած հաջողությունները: Գեղեցիկ շիրմաքար են դնում գերեզմանի վրա՝ այնտեղ արձանագրելով գովասանքի խոսքեր:

Սակայն Վարդանանց հերոսները, որոնք նահատակվեցին Ավարայրի ճակատամարտում, 451 թ., չունեցան ո՛չ պատշաճ հուղարկավորություն, ո՛չ էլ արժանի եղան շիրիմների: Նրանք ընկան պատերազմում՝ «Վասն հայրենյաց և վասն հավատքի»: Այսօր ի՞նչ կարելի է ասել նրանց մասին: Ինչպե՞ս գովաբանել և փառաբանել իրենց: Եվ ո՞րն է նրանց թողած կտակը: Վարդանանց հոգին մեզ հիշեցնում է, որ նրանք նահատակվեցին ի սեր Աստծո և Հայրենիքի:

Եբրայեցիներին ուղղված նամակում հեղինակի հիշած հավատքի հերոսների նման նրանք էլ «Հավատքով…Կրակի զորությունը հանգցրին, սրի բերանից ազատվեցին, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բանակներ փախուստի մատնեցին» (հ. 34): Նրանք պատրաստ էին անձնազոհության՝ իրենց ունեցած հավատքի, համոզմունքների և սուրբ սկզբունքների համար: Նրանք մնացին  օրինակելի կերպար հաջորդ սերունդների համար ու փոխանցեցին հավատքի սուրբ կտակը: Նրանց կտակը հավատարմության, հավատքի և միասնականության կտակ էր: Այս է նահատակված Վարդանանց հերոսների ավանդը:

Աղոթք - Սիրելի՛ Հայր, մինչ հարգում ենք Վարդանանց հերոսների հիշատակը, հիշեցրու՛ մեզ, որ ընդունենք նաև նրանց հավատքի կտակն ու ավանդը: Ամեն:

 

Սուրբ կտակների մասին խոսելն ու նշելը լավ է, սակայն ավելի կարևոր է այն պահելով՝ նաև խոնարհվել Աստծո առջև՝ նույնանման հզոր ու անսակարկելի հավատքով:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 4-5, Մատթեոս 24.29-51