.
GAW-ի գլխավոր քարտուղարի ճանաչողական այցը ՀԱԵ

Հուլիսի 24-30-ը ճանաչողական այցով Հայաստանում էր գերմանական «Գուստավ Ադոլֆ Վերկ» (GAW) կազմակերպության գլխավոր քարտուղար Էննո Հաաքսը տիկնոջ Մագդալենայի հետ: 

GAW-ը հարյուրամյակների պատմությամբ գերմանական բողոքական կառույց է, որի առաքելությունն աշխարհով մեկ իրենց հավատքի համար հալածվող բողոքական քրիստոնյաների աջակցությունն է: 19-րդ դարի վերջին GAW-ն օգնել է Կոստանդնուպոլսի Հայ Ավետարանական մի դպրոցի, իսկ 1894-ին GAW-ին է դիմել Բրուսայում գործող Հայ Ավետարանական որբանոցի տնօրեն Գրիգոր Բաղդասարյանը: 40 որբերի հետ միասին նա Դեր Զոր արտաքսման վտանգի առջև է եղել, սակայն գերմանական կառույցի աջակցությամբ հաջողվել է որբանոցը պահպանել Թուրքիայում: 

Հայ Ավետարանական կառույցների հետ մեկ դարից ավելի ընդհատված կապը վերականգնվել է մեկ այլ աղետի պատճառով: Սիրիայում սկսված պատերազմը 2011 թ.-ից GAW-ի և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության համագործակցության պատճառն է: Ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Սիրիայում պատերազմից տուժած հայ բողոքական համայնքներին:

2020 թ.-ի Արցախյան պատերազմից հետո GAW-ի աջակցող ձեռքը հասավ Հայաստան՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հետ համագործակցության շրջանակներում: 

GAW-ի ներկայացուցչի մեկշաբաթյա ճանաչողական այցի նպատակը տեղում ավելի լավ ՀԱԵ-ի գործունեությանը ծանոթանալը, աջակցության կարիք ունեցող ոլորտներն ուսումնասիրելն ու նաև 2024 թ.-ին GAW-ի միության ժողովի ընթացքում ՀԱԵ-ին որպես գործընկեր կառույց դիտարկելու հնարավուրությունը հասկանալն էր:  

Հայաստան այցի ընթացքում Էննո Հաաքսն ու տիկինը ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանի ուղեկցությամբ եղան Երևանում, Գյումրիում, Այնթապում, Արմավիրում, Դիլիջանում, Իջևանում, Սպիտակում և Վանաձորում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիներում: Որոշ տեղերում ծանոթացան ավետարանչության միջոց հանդիսացող գեղարվեստական խմբակների գործունեությանը, մյուս վայրերում՝ եկեղեցաշենքի խնդիրներին ու առկա մարտահրավերներին, լսեցին ծառայողներին, խոսեցին համայնքի անդամների հետ, տեսան ու լսեցին խնդիրները ներսից: Գերմանացի պատվիրակները եղան նաև Հանքավանում, ծանոթացան ճամբարային ծառայություններին, ինչպես նաև ՀԱԵ բանավեճերի ԱԿՆՈՑ ծրագրին, մասնակցեցին հերթական բանավեճին ու դրական գնահատեցին նման ֆորմատով Ավետարանի ճշմարտության մասին խոսելը: 

Հայաստան այցի ընթացքում GAW ներկայացուցիչները հանդիպում ունեցան նաև AMAA-ի ներկայացուցիչների հետ, քննարկեցին թե՛ անցյալում արցախահայությանն օժանդակելու շրջանակներում համագործակցության արդյունքները, թե՛ ներկայում սպասվող ծրագրերը:

Գերմանացի հյուրերը մասնակցեցին նաև Արմավիրում Արցախի ՀԱԵ համայնքի միավորման ու միասնական պաշտամունքին՝ իրենց ֆինանսական ներդրումն ունենալով նաև այդ հավաքի իրագործման մեջ: Հատկանշական է նաև, որ արցախահայ ավետարանականների աջակցության շրջանակում GAW-նյութական աջակցություն է ցուցաբերել նաև գյումրեցի ռազմագերիների ընտանիքներին:   

«Սա կարևոր գործ էր մեզ համար»,- ասում է ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը։ «Այդ ընտանիքները ոչ միայն նյութական, այլև հոգեբանական աջակցություն ստացան»։

Ներկայումս գերմանական այս կառույցի աջակցությամբ ընդլայնման և վերանորոգման աշխատաքներ են ծրագրվում ՀԱԵ Արմավիրի եկեղեցաշենքում:

Նախորդ
...
X