.
«Թռիչք N24» խորագրով մանկական ճամբարն ավարտվեց

Հուլիսի 1-31ը Հանքավանի «Շողիկ» ճամբարը վերածվել էր մի մեծ թռիչքուղու․ ուղևորները մանուկներն էին, ուղղությունը՝ դեպի վեր։

Ուրախությամբ պիտի նշենք, որ այս տարի մանկական ճամբարն ունեցավ հինգ հերթափոխ՝ չորսի փոխարեն, այդպիսով հնարավորություն տալով  շուրջ 925 մանուկի մասնակցելու ճամբարին։ Մանուկները մեկ շաբաթ շարունակ թռիչք կատարեցին տարբեր կղզիներ և սուրբգրային պատմությունների միջոցով բացահայտեցին բազում ճշմարտություններ։

Ճամբարը կրում էր «Թռիչք N24» խորագիրը՝ խորհրդանշելով, որ 2024 թվականի մանկական ճամբարը առանձնանալու է հոգևոր վերելքներով։ Առաջին վայրկյանից մինչև վերջին պահը լի էր անակնկալներով․ մանուկներն ամեն օր արթնանում էին նոր բացահայտումների ակնկալիքով, իսկ օրվա ընթացքում վայելում այդ բացահայտումներն ու աճում հոգևորապես: 

Հագեցած ծրագիր, զվարճալի և ինտելեկտուալ խաղեր, ձեռքի աշխատանքներ, բովանդակալից դասեր, համեղ սնունդ, ուրախ ժամանց և այս ամենը սիրով ու հոգատարությամբ պատրաստած մի մեծ թիմ․ ահա, թե ինչին ականատես եղան մեր մանուկները։ 

Աստվածաշնչյան հինգ պատմությունների միջոցով անդրադարձ կատարվեց արդիական թեմաների: Երեխաները «հարուստ երիտասարդի» օրինակով սովորեցին, թե ինչ են կախվածությունները և ինչպես ձերբազատվել դրանցից, «Տաղանդների» առակը բացահայտեց ծուլության մեղքը, «Նոյի» պատմությամբ անդրադարձան բուլինգի/ծաղրի խնդրին, «Հակոբի և Եսավի» պատմության միջոցով խոսեցին ստի մասին, ու Աստծո հետ մտերմության կարևորությանն անդրադարձան «Դանիելի» օրինակով։ Մասնակից մանուկներից շատերը յուրահատուկ ժամանցից ու անմոռանալի հիշողություններից զատ իրենց հետ տուն տարան Քրիստոսի լույսն ու որոշումը՝ ապրել ճիշտ առաջնահերթություններով, լինել աշխատասեր, հաղթող, հավատարիմ և ճշմարտախոս։ 

 

Հասմիկ Հարությունյան
ՀԱԵ ՔԴ աշխատակից

Նախորդ
...
X