Պատկերացրե՛ք մի խումբ երիտասարդների, ովքեր Երևանի կենտրոնում շտապելով մի փողոցից մյուսն էին շրջում, փնտրում հանելուկներով ծածկագրված վայրերն ու նկարվում դրանց մոտ: Դե իսկ վերջում, մի լավ ուրախանում, որ կարողացան հերթական հանձնարարությունը կատարել:
Հենց այդպիսի իրավիճակում էին Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Երևանի երիտասարդները, քանի որ որոշում էին կայացրել միանալ երիտասարդական բակային ճամբարին, ու դարձել հերթական քվեստ խաղի մասնակիցը:
Սեպտեմբերի վերջին օրերին՝ 27-29-ը՝ երեք օր, մի քանի ժամ շարունակ ՀԱԹ-ի, Բաղրամյան 18-ի և Շենգավիթի «Հույսի Տուն» ՀԱԵ շուրջ 60 երիտասարդ միաբանվում էր՝ ամեն օր երեք եկեղեցիներից մեկի հյուրընկալ հարկի տակ՝ մեկ ընտանիքի պես: Միասին հաց էին կիսում, ժամանցային ծրագրերի մասնակցում, քննարկումներ էին ունենում, փառաբանում և, որ ամենակարևորն է, Աստծո Խոսքով էին սնվում:
Այս փոքրիկ ճամբարի նպատակն էր միաբանել Երևանի երիտասարդական խմբերը, ովքեր ընկերացել էին ամառային ճամբարների ընթացքում, ստեղծել վստահելի մթնոլորտ՝ հարցեր բարձրացնելու և կարծիքներ արտահայտելու համար, փոխանցել Աստծո Խոսքը և մտածել, թե ո՞վ է քրիստոնյան, ի՞նչ դժվարություններ է կրում, ի՞նչ ազդեցությունների տակ է ընկնում և ի՞նչ պետք է անի իր ընտրության մեջ կայուն և հավատարիմ մնալու համար: Հենց այս հարցերի շուրջ էր կազմված եռօրյա պատգամների շարքը, որոնց հիմքն ու միակ աղբյուրն Աստծո Խոսքն էր: Ներկաները կենտրոնացան ճամբարի գլխավոր համարի վրա՝ Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված նամակից՝ «Դուք Քրիստոսինն եք, և Քրիստոսը՝ Աստծունը» (Ա Կորնթացիներին 3.23):
Երիտասարդները, որ երեք օր երկար ժամեր միասին էին, իրար մնաս բարով ասացին՝ սպասելով միաբանության նոր առիթների:
Թեհմինե Առաքելյան