.
Սուրբ Ծննդյան միջոցառումներ ՀԱԵ-ում

Սուրբ Ծնունդը Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցում նշվում է հատուկ խանդավառությամբ: Հայաստանի եւ Ղարաբաղի տարբեր քաղաքներում եւ գյուղերում ինչպես կիրակնօրյա ու պատանյաց խմբեր հաճախող երեխաների, այնպես էլ միայն այդ օրը հրավիրված մանուկների ու պատանիների համար յուրահատուկ տոնական միջոցառում է կազմակերպվում: Բեմադրությունների, երգերի ու պատմությունների միջոցով Հիսուսի ծննդյան բարի լուրն է ավետվում, իսկ վերջում երեխաները նվերներ են ստանում: Ամեն տարի, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության հովանավորությամբ, մոտ 10 000 երեխա է մասնակցում տոնական միջոցառմանը եւ տուն վերադառնում նվերներով:

2017թ.-ի դեկտեմբերի 20-ին և 24-ին Այնթապի ՀԱԵ_ում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան ներկայացում «Կարմիր կոշիկները»։ Ներկայացման գլխավոր հերոսը կոշկակարն է, որը հիասթափվել է կյանքից և կորցրել ուրախությունը: Դեպքերի զարգացումը նրա համար բացում է իրական հրաշքը՝ Մանուկ Հիսուսի ծնուննդը։

Արցախում Սուրբ Ծնունդը նշեցին 2017թ.-ի դեկտեմբերի 23-26-ը: Այդ ընթացքում Արցախի ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության ծառայողները եղան Շուշիում, Ասկերանում, Վազգենաշեն եւ Կիչան գյուղերում, ինչպես նաեւ Ստեփանակերտում: Ներկայացման, երգերի ու խաղեցրի միջոցով, 500-ից ավելի մանուկների ու պատանիների փոխանցեցին ամենակարեոր պատգամը, որ Հիսուսի ծնունդը դա ամենաթանկ նվերն է յուրաքանչյուրիս համար, իսկ մեր նվերը Աստծուն պետք է լինի մեր կյանքերի փոփոխությունը, անկեղծ նվիրումը և սրտի դիրքը: 

Դեկտեմբերի 24-ին  և  26-ին  Սուրբ  Ծննդյան  բարի  լուրը  տոնական միջոցառմամբ ավետվեց նաեւ Ստեփանավանի ՀԱԵ-ում։ 400-ից ավելի մանուկ եւ պատանի ոչ միայն Ստեփանավան քաղաքից, այլեւ Ուռուտ, Վարդաբլուր, Կուրթան,  Ագարակ գյուղերից, լսեցին Հիսուս  Քրիստոսի ծննդյան  ավետիսը  փոքրիկ  բեմականացման  միջոցով։ Պատմությունը մի  աղջկա  մասին  էր, որն  ապրում  էր մանկատանը։  Նա կարդում  էր Աստվածաշունչ,  աղոթում էր,  իր  ընկերներին  պատմում  Հիսուսի  ծննդյան  մասին  և  հորդորում, որ հավատան ու վստահեն  Աստծուն։  Նա հավատում էր, որ Սուրբ  Ծննդյան  գիշերը կկատարվի  իր բաղձալի   երազանքը՝  կգտնի  ծնողներին։ Այդպես էլ լինում է, նրան որդեգրում են: Տոնական միջոցառումն  ամբողջացրեցին  Ձմեռ  Պապը, Ձյունանուշն ու նվերները։ 

Տավուշ մարզի Նոյեմբերյան համայնքում ՀԱԵ-ն Սուրբ Ծնունդը նշեց դեկտեմբերի 25-ին: Միջոցառումը տեղի ունեցավ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում, մասնակցում էին Նոյեմբերյան և Կողբ համայնքների մոտ 250 մանուկ եւ պատանի:  Միջոցառումը սկսվեց Նոյեմբերյանի ՀԱԵ հովիվ պատ. Դավիթ Բաբայանի ողջույնի խոսքով, այնուհետև ներկաները դիտեցին կիրակնօրյա դպրոցի սաների պատրաստած բեմականացումը` «Ուրախ Ծաղրածուն»: Միջոցառման ավարտին երեխաներին հյուր եկավ Ձմեռ Պապն ու բոլորին ուրախացրեց իր նվերներով:  

Սիսիանի Հայաստանյայց Ավետարանանակ Եկեղեցին մանուկների, պատանիների եւ նրանց ծնողների համար Սուրբ Ծննդյան միջոցառումներ էր կազմակերպել դեկտեմբերի 26-ին եւ 27-ին: ՀԱԵ ծառայողները, միջոցառման մասնակիցներին դիմավորեցին եկեղեցաշենքից դուրս՝ դարպաստերի մոտ, այցելուները դրսում պատրաստված նվերների խանութից փոքրիկ տուփեր ստացան, որոնց վրա գրված էին հոգևոր արժեքներ: Հաջորդ կանգառը եկեղեցու բակում պատրաստված Սուրբ Ծննդյան տեսարանն ու մսուրն էր, որտեղ երեխաները Մարիամին և Հովսեփին պետք է հանձնեին իրենց փոքրիկ տուփերը, փոխարենը ստանալով հրեշտակի պսակներ: Իսկ մինչ կմտնեին եկեղեցասրահ՝ նախամուտքում ծանոթացան ասեղնագործության եւ հելյունագործության խմբակի սաների աշխատանքներին: ՀԱԵ կիարակնօրյա սաները, միջոցառման ընթացքում, ցուցադրեցին իրենց տաղանդները՝ երգեցին, պարեցին ու բեմադրություն ներկայացրեցին, որը  կոչվում էր՝ «Ամենալավ Նվերը» եւ պատմում էր Սուրբ Ծննդյան մասին: 

Դեկտեմբերի  29-ին և 30-ին, մոտ 300 մանուկ եւ պատանի, Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան Բարի Լուրը լսեցին Ալավերդու ՀԱԵ-ում: Երեխաները տպավորված էին ներկայացմամբ, եւ ուրախ նվերների համար, որոնք ստացան Ձմեռ Պապից ու Ձյունանուշից:

Հունվարի 5-ին տոնական մթնոլորտ էր տիրում Աբովյան քաղաքում:  130 մանուկներ և պատանիներ շտապում էին Մշակույթի կենտրոնի տիկնիկային դահլիճ, որտեղ րոպեներ հետո Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին Սուրբ Ծննդյան բարի լուրը պետք է ավետեր միջոցառմամբ: Ուրախ խաղերը, երգն ու պարը ուղեկցվեցին փոքրիկների շուրթերից հնչած Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսով: Յուրահատուկ էր նաեւ բեմականացումը: Սուրբ Ծննդյան հրաշքին չհավատացող տղան Ձմեռ պապիկի ուրախ, չարաճճի և հնարամիտ օգնականների՝ Էլֆերի  միջոցով կրկին հավատաց հրաշքներին: Նա նաև հասկացավ, որ մեր ծնողների սերը, հոգատարությունն ու բարությունը դա Աստծո սիրո արտահայտումն է, իսկ լավագույնից լավագույն նվերը՝ Հիսուս մանուկն է, րովհետեւ Նրան  հավատացողը հավիտենական կյանք ունի:

 

Նախորդ
...
X