.
«Ամենակարեվոր նվերը»՝ ՍԾ ներկայացում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության «Հայասա» թատերախումբը՝ ռեժիսոր Նունե Աբրահամյանի գլխավորությամբ, հունվարի 16-ին եւ 17-ին, ՀԱԵ Բաղրամյան 18-ում ավելի քան 1600 մանուկի պատմեց Սուրբ Ծննդյան բարի լուրը՝ «Ամենակարեւոր նվերը» ներկայացմամբ:

Գլխավոր հերոսը՝ կոշկակար Հենրին, միակն էր քաղաքում, ով հետաքրքրված չէր Սուրբ Ծնունդով, եւ ում չէր գրավում նվերներ պատրաստելու եռուզեռը: Մինչ ամբողջ քաղաքը զարդարվում էր, իսկ բնակիչները շտապում էին իրար համար նվերներ գնելու, Հենրին ոչ միայն չեր պատրաստվում Սուրբ Ծննդյանը, այլեւ ծաղրում էր նրանց, ովքեր միայն նվերների մասին էին մտածում: Ամեն ինչ փոխվում է այն բանից հետո, երբ մի գիշեր Հենրին հանդիպում է Աստծո հրեշտակին, եւ իմանում, որ Աստված իր համար աշխարհում ամենալավ նվերն է պատրաստել, ու այդ նվերը հենց Հիսուս Քրիստոսն է, ով եկավ աշխարհ ողջ մարդկության փրկության համար:  Հենրին փոխում է իր վերաբերմունքը Սուրբ Ծննդյան տոնի հանդեպ, երբ հասկանում է, որ տոնի իմաստը բոլորովին էլ իրար նվերներ տալու մեջ չէ, այլ Աստծո՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, մեր հանդեպ ունեցած մեծագույն սերը, իրար նկատմամբ դրսեւորելու մեջ է: Կոշկակարը, վերապրելով Աստծո մեծագույն սերը, սկսում է հյուրեր ընդունել, հյուրասիրել ու նաեւ շատ գեղեցիկ նվեր՝ երբեւէ եղած ամենագեղեցիկ կոշիկներն է պատրաստում ու նվիրում քաղաքի ամենաաղքատ ընտանիքում ապրող փոքրիկ աղջնակին:

Ներկայացման վերջում երեխաներին ողջունեց նաեւ Ձմեռ Պապը, որը հայտնեց նրանց համար պատրաստված նվերների մասին: Միջոցառման մասնակից բոլոր երեխաները տուն վերադարձան ԱՀԱԸ եւ ՀԱԵ-ի կողմից պատրաստված նվերներով՝ իրենց հետ տանելով նաեւ «ամենակարեւոր նվերի» պատգամը:  

Նախորդ
...
X