.
Հայ Ավետարանական համայնքը Լիբանանի ճգնաժամի պայմաններում

«Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք» Մատթևոս 25.40

 

Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության (ՄԱՀԱԵՄ) կենտրոնական մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում աղոթել Լիբանանում և ողջ տարածաշրջանում խաղաղության համար:

 

Այս օրերին ՄԱՀԱԵՄ-ի բոլոր հաստատությունները, եկեղեցիներն ու կամավորները Լիբանանում, պատերազմական դրությամբ պայմանավորված ճգնաժամային իրավիճակում, իրենց լավագույնն են անում՝ Քրիստոսի Խոսքին հետևելու և կարոտյալներին աջակցության ձեռք մեկնելու գործում:

 

Աստծո օգնությամբ, ողորմությամբ ու սիրով նրանք ծառայում են կարիքավորներին՝ ռմբակոծվող տարածքներից տարհանված մարդկանց առաջնային կարիքները հոգալու համար տրամադրելով ապաստան, սնունդ, կենցաղային պարագաներ:

 

Լիբանանի հարավային շրջաններից գաղթած մոտ 300 փախստականների այցելել ու օգնություն է ցուցաբերել Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցը, որտեղ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին այս տարի 3 ուսանող ունի: Այս պահին մեր ուսանողները Հայաստանում են և դասապրոցեսին մասնակցում են հեռահար:

 

Հեռահար է տոնվել նաև սփյուռքում միակ հայկական բուհի՝ Հայկազյան համալսարանի 70-ամյակը: Հոկտեմբերի 14-ին պետք է տեղի ունենար համալսարանի հոբելյանական հանդիսությունը: Սակայն, փոխարենը, թողարկվեց հիմնադիրներին նվիրված 17 րոպեանոց ֆիլմը, որը սիրով ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

 

 

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին շարունակում է աղոթել Լիբանանում խաղաղության, կայունության ու ապահովության համար:

Նախորդ
...
X