Ծնունդ 16.9-16 Կիրակի | Նոյեմբերի 10
Հագարն իր հետ խոսող Տիրոջ անունը կանչեց. «Դու իմ տեսիլքի Աստվածն ես»։ Որովհետև ասաց. «Արդյոք ես ո՞ղջ եմ իմ տեսիլքից հետո»։ Ծնունդ 16.13
ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆՈՒՄ Է ՔԵԶ
«Իջի՛ր այդտեղից, խիստ ձայնով ասաց ընկերուհիս իր որդուն, ով բարձրացել էր եկեղեցու նստարանին և թափահարում էր ձեռքերը»:
«Ես ուզում եմ, որ հովիվը տեսնի ինձ,- պատասխանեց նա՝ անմեղ աչքերով նայելով մորը,- եթե ես չկանգնեմ այստեղ, նա ինձ չի տեսնի»:
Թեև նստարանների վրա կանգնելը եկեղեցիներում հավանաբար չի խրախուսվում, սակայն ընկերուհուս որդին ճիշտ էր: Կանգնելը և ձեռքերը թափահարելը, անշուշտ, տեսանելի լինելու և հովվի ուշադրությունը գրավելու ձևերից մեկն էր:
Երբ մենք փորձում ենք գրավել Աստծո ուշադրությունը, մենք չպետք է անհանգստանանք, որ Նա մեզ չի տեսնի: Աստված միշտ տեսնում է մեզնից յուրաքանչյուրին: Նա նույնն է, ով բացահայտեց Իրեն Հագարին, երբ նա հավանաբար իր կյանքի ամենատխուր, միայնակ և ամենադժվար ընթացքի մեջ էր: Նա օգտագործվեց որպես աղախին և Աբրամին տրվեց նրա կնոջ՝ Սարայի կողմից, որպեսզի որդի ծնի (Ծնունդ 16.3): Եվ երբ նա հղիացավ, արհամարհեց Սարային և վերջինս Աբրամի իմացության նեղեց Հագարին:
Փախած աղախինը հղի կարգավիճակում հայտնվեց միայնակ և դժբախտ իրավիճակում: Այնուամենայնիվ, անապատում նրա հուսահատության մեջ Աստված կարեկցաբար հրեշտակ ուղարկեց՝ խոսելու նրա հետ: Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ահա դու հղի ես և որդի կծնես. նրա անունը Իսմայել կդնես, որովհետև Տերը լսեց քո տառապանքը» (հ. 11): Նա պատասխանեց՝ ասելով. «Դու իմ տեսիլքի Աստվածն ես» (հ. 13): Ինչպիսի՜ գիտակցում, հատկապես անապատի մեջտեղում: Աստված տեսավ Հագարին և կարեկցեց։ Եվ որքան էլ դժվար վիճակում լինես, Նա տեսնում է քեզ:
Բոլորս էլ կարող ենք հայտնվել անապատային իրավիճակներում, սակայն կարևոր է հիշել, որ Աստված տեսնում է մեզ և միշտ պատրաստ է օգնության հասնել:
Աղոթք – Սիրելի՛ Աստված, շնորհակալ եմ, որ ինձ տեսնում և ուշադրության ես արժանացնում: Ես գիտեմ, որ Դու ինձ հետ ես նույնիսկ ամենադժվար պահերին: Շնորհակալ եմ… : Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 48-49, Եբրայեցիներին 7