.
2024թ., Նոյեմբերի 11

Ղուկաս 22.63-65, 23.32-38                             Երկուշաբթի   |   Նոյեմբերի 11

 

 

 

Սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար։ Մատթ. 5.44


ՍԻՐԵ՛ՆՔ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ


Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ ռազմածովային ուժերի բժիշկ Լին Ուեսթոնը ծովային հետևակի հետ ափ դուրս եկավ, երբ նրանք ներխուժեցին թշնամու կողմից գրավված կղզիներ: Անխուսափելիորեն սարսափելի կորուստներ եղան։ Նա արեց հնարավոր ամեն ինչ զինվորներին տարհանելու համար: Մի օր նրա ստորաբաժանումը հանդիպեց որովայնի ծանր վիրավորում ստացած հակառակորդի զինվորին։ Վնասվածքի բնույթից ելնելով՝ նրան հակացուցված էր ջուր տալ։ Զինվորի կյանքը փրկելու համար ենթասպա Ուեսթոնը նրան ներերակային պլազմա ներարկեց։

«Պահպանի՛ր այդ պլազման մեր տղաների համար, Լի՛ն», - բղավեց ծովային հետևակներից մեկը: Ենթասպա Ուեսթոնն անտեսեց նրան. Նա գիտեր Հիսուսի պատվերը. «Սիրե՛ք ձեր թշնամիներին» (Մատթ. 5.44):

Հիսուսը միայն չասաց այս դժվարին խոսքերը, այլ նաև ապրեց այդ խոսքերի համաձայն: Երբ ամբոխը բռնեց Նրան և տարավ քահանայապետի մոտ, «Հիսուսին պահող մարդիկ նրան ծաղրում էին ու ծեծում» (Ղուկաս 22.63): Չարչարանքները շարունակվեցին դատավարությունների և մահապատժի ողջ ընթացքում: Հիսուսը ոչ միայն հանդուրժեց դա, այլ երբ հռոմեացի զինվորները խաչեցին Նրան, Նա աղոթեց նրանց ներման համար (Ղուկ. 23.34):

Մենք միգուցե ստիպված չլինենք դիմակայելու բառացի թշնամուն, որը փորձում է սպանել մեզ: Բայց բոլորը գիտեն, թե ինչ է ծաղրանքին և արհամարհանքին դիմանալը: Մեր բնական արձագանքը զայրույթով պատասխանելն է, բայց Հիսուսը բարձրացրեց նշաձողը. «…աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար» (Մատթ. 5.44):

Այսօր եկե՛ք քայլենք այդ սիրո մեջ՝ Հիսուսի պես բարություն դրսևորելով նույնիսկ մեր թշնամիների հանդեպ։


Ինչպե՞ս ենք արձագանքում նրանց, ովքեր արհամարհում կամ չեն հասկանում մեզ: Աստծո կամքի համեմատ վարվենք մեր շուրջը գտնվող մարդկանց հետ:


Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր սիրեմ ուրիշներին այնպես, ինչպես Դու ես սիրում ինձ:






Աստվածաշունչը մեկ տարում      |       Երեմիա 50, Եբրայեցիներին 8