Բ Կորնթացիներին 8.1-7 Երեքշաբթի | Նոյեմբերի 12
Որովհետև նրանց կրած նեղության և մեծ փորձության մեջ նրանց ուրախությունն անսահման եղավ, և ծանր աղքատության մեջ նրանք շատ առատաձեռն եղան։ Բ Կորնթ. 8.2
ՄԵԿ ԲՈՒՌ ԲՐԻՆՁ
Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Միզորամ նահանգում աղքատության մակարդակը հետզհետե նվազում է: Երբ Ավետարանն առաջին անգամ քարոզվեց այդ տարածքում, Քրիստոսի հետևորդները, չնայած եկամուտների բացակայությանը, սկսեցին կիրառել տեղական մի ավանդույթ, որը կոչվում է «մեկ բուռ բրինձ»: Նրանք, ովքեր ամեն օր կերակուր էին պատրաստում, մի բուռ չեփած բրինձ մի կողմ էին դնում ու տալիս եկեղեցուն։ Աշխարհիկ չափանիշներով աղքատ Միզորամի եկեղեցիները միլիոններ նվիրաբերեցին ավետարանչության համար և ավետարանիչներ ուղարկեցին աշխարհով մեկ: Շատերը հենց իրենց հայրենիքում դարձի եկան և ընդունեցին Քրիստոսին:
Կորնթացիներին ուղղված իր երկրորդ նամակում Պողոսը նկարագրում է մի եկեղեցի, որը բախվում է նմանատիպ մարտահրավերների: Մակեդոնիայի հավատացյալներն աղքատ էին, բայց դա չխանգարեց նրանց ուրախ ու առատ նվիրել (Բ Կորնթ. 8.1-2): Նրանք իրենց տալն արտոնություն համարեցին և տվեցին «կարողությունից էլ ավելի հոժար կամքով» (հ. 3), որպեսզի համագործակցեն Պողոսի հետ։ Նրանք հասկանում էին, որ իրենք պարզապես Աստծո ռեսուրսների տնտեսներն են: Տալը միջոց էր՝ ցույց տալու իրենց վստահությունը Նրա հանդեպ, որ ապահում էր բոլոր կարիքները:
Պողոսն օգտագործեց մակեդոնացիներին՝ քաջալերելու կորնթացիներին, որ նույն մոտեցումն ունենան տալու հարցում: Կորնթացիները գերազանցում էին «ամեն բանում՝ հավատով, խոսքով, գիտությամբ, ամեն ջանքով և մեր հանդեպ ձեր սիրով»։ Այժմ նրանք կարիք ունեին առատանալ տալու այս շնորհով (հ. 7):
Ինչպես մակեդոնացիները և Միզորամի հավատացյալները, մենք նույնպես կարող ենք արտացոլել մեր Հոր առատաձեռնությունը՝ առատորեն տալով մեր ունեցածից:
Հաճախ ենք զոհաբերության ականատես դառնում: Ինչպե՞ս կարող ենք առատաձեռնորեն տալ՝ ի պատասխան Աստծո՝ մեր հանդեպ առատաձեռն նվիրման:
Աղոթք – Հա՛յր, աղոթում եմ, որ առատաձեռնորեն տվողներ լինենք Քո գործի համար: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 51-52, Եբրայեցիներին 9