Բ Օրենք 30.11-20 Ուրբաթ | Նոյեմբերի 15
Ուրեմն ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրես դու և քո սերունդը։ Բ Օր. 30.19
ԸՆՏՐԵԼ ԿՅԱՆՔԸ
Նաթանը մեծացել էր քրիստոնյա ընտանիքում, սակայն սկսեց հավատքից հեռանալ, երբ դարձավ քոլեջի ուսանող՝ տրվելով այնպիսի բաների, ինչպիսիք են ալկոհոլը և երեկոյան խնջույքները: «Աստված ինձ վերադարձրեց Իր մոտ, երբ ես դրան արժանի չէի», - պատմում է նա: Նաթանը, երբ իրական զղջում ունեցավ, անցկացրեց ամբողջ ամառը՝ Քրիստոսի մասին պատմելով անծանոթ մարդկանց Միացյալ Նահանգների խոշոր քաղաքների փողոցներում: Շուտով նա ավարտեց իր եկեղեցում երիտասարդական ծառայության դասընթացը: Նաթանի նպատակն է՝ օգնել երիտասարդներին զուր ժամանակ չկորցնել՝ Քրիստոսից հեռու ապրելով:
Նաթանի նման, Իսրայելի առաջնորդ Մովսեսի սիրտը ցավում էր հաջորդ սերնդի համար։ Իմանալով, որ շուտով կհրաժարվի առաջնորդությունից, Մովսեսը ժողովրդին փոխանցեց Աստծո բարի հրահանգները, իսկ հետո թվարկեց հնազանդություն կամ անհնազանդություն ընտրելու հետևանքները. օրհնություն և կյանք՝ հնազանդության դիմաց, անեծք և մահ՝ անհնազանդության դիմաց. «Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. ձեր առջև դրեցի կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը։ Ուրեմն ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրես դու և քո սերունդը» (Բ Օր. 30.19-20): Մովսեսը հորդորեց նրանց սիրել Աստծուն՝ հնազանդվելով նրա ձայնին և Նրան հարելով (հ. 20):
Մեղքի ընտրությունն ունի հետևանքներ: Բայց երբ մենք ետ դառնանք և մեր կյանքը հանձնենք Աստծուն, Նա անպայման կողորմի և կվերականգնի մեզ (հ. 2-4): Այս խոստումը կատարվել է Իսրայելի ժողովրդի պատմության ընթացքում, բայց նաև խաչի վրա Հիսուսի անմնացորդ սիրո դրսևորմամբ՝ վերջին զոհողությամբ՝ մեզ Աստծո հետ հաշտեցնելու միջոցով: Մենք էլ այսօր ունենք ընտրության հնարավորություն, և ազատ ենք կյանքն ընտրելու հարցում:
Մեր կյանքի ո՞ր ոլորտներում ենք խոտորվել Աստծո ճշմարիտ ճանապարհից: Ինչպե՞ս կարող ենք ոգեշնչել հաջորդ սերնդին ընտրել կյանքը:
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տվեցիր դարձի գալու և Քեզ հետ հաշտվելու: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 1-2, Եբրայեցիներին 11.1-19