.
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին նոր Ավագ Հովիվ ունի

2024թ.-ի նոյեմբերի 15-ին ՀԱԵ տարեկան համաժողովին ընտրված Հոգևոր Խորհուրդն իր առաջին փակ նիստին, ՀԱԵ ներքին ու արտաքին կանոնադրության համաձայն, ընտրեց ՀԱԵ ավագ հովվին: Ձայների գերակշիռ մեծամասնությամբ միակ թեկնածուն՝ Վեր. Ավետիք Խաչատրյանը, ով երկու ամիս ավագ հովվի ժամանակավոր պաշտոնակատարն էր, ընտրվեց այդ պաշտոնում առաջիկա 4 տարվա համար: 

ՀԱԵ ՀԽ նորընտիր նախագահ վեր. Վարդան Ափինյանը տարեկան համաժողովի ավարտին հայտարարեց Ավագ Հովվի ընտրության արդյունքներն ու բեմ հրավիրեց նորընտիր խորհրդի անդամներին ու նորընտիր ավագ հովվին: Վեր. Ափինյանն ընթերցեց Պողոս առաքյալի Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակի 4.1-5 համարների հորդորն ու խորհրդի մյուս անդամների հետ միասին աղոթեց ՀԱԵ Ավագ Հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանի համար: 

Վերապատվելի Ավետիք Խաչատրյանը ծնվել է 1976 թ.-ին Աշտարակ քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի թիվ 3 դպրոցում: Այնուհետև 1993-1999 թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարանն ու ստացել միջազգային տնտեսական հարաբերությունների մագիստրոսի աստիճան: 1996-1998 թթ.-ին, օգտվելով  տարկետման իրավունքից, պատադիր զինվորական ծառայություն է անցել ՀՀ ԶՈՒ-ում: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է տարբեր ոլորտներում, ղեկավարել է սեփական բիզնեսը, եղել է թերթի խմբագիր: 2000 թ.-ին՝ Աստծուն փնտրելու ճանապարհին, սեփական որոշմամբ մկրտվել է Հայ Առաքելական եկեղեցում, սակայն իրական ապաշխարություն ու վերստին ծնունդ ստացել է մեկ տարի անց, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու երիտասարդական ճամբարում, ուր հրավիրվել էր մտերիմ ընկերոջ կողմից: Կյանքն Աստծուն նվիրելուց հետո սկսել է ակտիվ ծառայել այն ժամանակ Երևանի Նիկոլ Դուման փողոցի վրա գտնվող ՀԱԵ-ի պատանեկան ու երիտասարդական ծրագրերում: 2002 թ.-ից 3 տարի ազատ ունկնդիր է եղել ՀԱԵ Աստվածաբանական ակադեմիայում, իսկ 2005 թ.-ին պաշտոնապես ընդունվել ու 2009 թ.-ին ավարտել է այն՝ ստանալով աստվածաբանության բակալավրի կոչում: 2007 թ.-ին ամուսնացել է համակուրսեցու՝ ՀԱԵ ՔԴ ծառայող Ցոլինե Միքայելյանի հետ: Սովորելու տարիներից մինչ օրս անդադար հովվական ծառայության մեջ է: Քրիստոնեական դաստիարակության ծառայություն է իրականացրել Բյուրեղավանում, հովվական ծառայություն՝ Նիկոլ Դուման և Բաղրամյան 18 հասցեներում գտնվող ՀԱԵ-ներում: 2013 թ.-ին գործնական ուսուցում ու փորձաշրջան է անցել Լիբանանի Հայ Ավետարանական եկեղեցիներում: 2013 թ.-ին քարոզչության արտոնություն ու պատվելիի կոչում է ստացել ու շարունակել ծառայությունը Բաղրամյան 18-ում՝ որպես օգնական հովիվ: 2016 թ.-ի դեկտեմբերից ստանձնել է Աբովյանի ՀԱԵ-ի հովվությունը, որտեղ 8 ամիս ծառայելուց հետո վերադարձել է Բաղրամյան 18: 2017 թ. հոկտեմբերից ստանձնել է ՀԱԵ ՔԴ բաժնի տնօրենի պարտականությունները, որոնք կատարում է մինչ օրս: 2018 թ.-ի ապրիլի 8-ին ձեռնադրվել ու ստացել է վերապատվելի տիտղոսը: ՔԴ տնօրենի պաշտոնի հետ համատեղության կարգով 2020 թ.-ի սկզբից հովվական ծառայություն է իրականացրել Երևանի Հույսի Տուն Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում: Իսկ 2021 թ.-ի օգոստոսից մինչ օրս ՀԱԵ ՀԱԹ-ի հոգևոր հովիվն է: Վերապատվելի Ավետիք Խաչատրյանը երկու դստեր հայր է:

Նախորդ
...
X