Երաժշտություն, որը միաբանեց մարդկանց` նրանց սրտերը լցնելով լույսով ու ներդաշնակությամբ: Ամերիկացի երգիչ-երգահան Դանիել Դեքերի համերգը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու նախաձեռնությամբ, վառ իրադարձություն էր Վանաձորի ու Սիսիանի բնակիչների համար: Իրադարձություն, որը ոչ միայն հանդիսատեսին նվիրեց անմոռանալի երաժշտական ապրումներ, այլև հաղորդակից դարձրեց այն յուրահատուկ հոգևոր միջավայրին, որի մի մասն է նաև երգիչը:
Դեքերը, տարիներ առաջ կյանքը Քրիստոսին նվիրելուց հետո, իր ցանկացած ելույթ Աստծուն փառաբանելու առիթ է համարում: Այս օրերին էլ նրա կատարմամբ հնչում էին ոչ թե պարզապես երգեր, այլ պատմություններ՝ լի խորությամբ, զգացմունքայինությամբ, հավատով ու հայասիրությամբ:
ՀԱԵ-ի հետ Դանիել Դեքերի բարեկամությունը խոր արմատներ ունի: Ու չնայած Հայ Ավետարանականների հետ նրա համագործակցության սահմանները նաև Հայաստանից դուրս են, բայց որոշումով իրեն հայ համարող երգիչը, ամեն տարի Հայաստան գալով, անպայման փորձում է մասնակցություն ունենալ ՀԱԵ պաշտամունքներին՝ իր լավագույնն անելով Տիրոջը փառաբանելու համար:
ՄԵՆԱՀԱՄԵՐԳ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Նոյեմբերի 17-ին Դեքերը ելույթ ունեցավ Վանաձորում՝ իր մենահամերգով նշանավորելով ՀԱԵ վերագրանցման տարեդարձը: Լեփ-լեցուն եկեղեցասրահում ներկա էին ոչ միայն ՀԱԵ Վանաձորի համայնքի անդամները, այլև հովիվներ և հյուրեր Ալավերդու, Թումանյանի, Շիրակամուտի ՀԱԵ-ից, ինչպես նաև մարդիկ, ովքեր լսել էին մենահամերգի մասին և եկել էին Դեքերին ունկնդրելու:
Համերգը յուրահատուկ պաշտամունք էր: Հյուրերին ու ներկաներին նախ ողջունեց ՀԱԵ Վանաձորի հոգևոր հովիվ, ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նորընտիր նախագահ վեր. Վարդան Ափինյանը: Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ ՀԱԵ նորընտիր ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը՝ շետելով, որ 178-ամյա եկեղեցին Հայաստանում շատ հանգրվաններով է անցել, եղել է շրջան, երբ ընդհատակյա է գործել, բայց այսօր հիշում ենք 30 տարի առաջ Հայաստանի անկախությունից հետո վերագրանցման հնարավորությունը:
Երեկոն իր ներկայությամբ զարդարեց նաև Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր, ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանը: Վարպետը հանդիսատեսին նվիրեց 3 ասմունք Նարեկացուց, Չարենցից ու Սարուխանից: Այնուհետև ՀԱԵ հովիվ, ավետարանչության հանձնախմբի ղեկավար Արմեն Միսակյանը հանդիսատեսին ներկայացրեց Դանիել Դեքերին՝ ստանձնելով նաև նրա թարգմանչի դերը:
Երգիչն իր ելույթը սկսեց հոգևոր երգերով, այնուհետև կատարեց Արա Գևորգյանի հետ համատեղ ստեղծագործություններից Ադանան և Մուշը, հնչեցին նաև Սայաթ-Նովայի ու Կոմիտասի ստեղծագործությունները: Համերգային մասն ավարտվեց փառաբանության երգով: Ներկաները նաև Աստծո Խոսքից պատգամ լսեցին. պատվելի Դավիթ Բաբայանը, մեջբերելով Գործք Առաքելոց 2.42-47 համարները, խոսեց եկեղեցու 5 նպատակի մասին (ուսուցում, հաղորդակցություն, ծառայություն, պաշտամունք, ավետարանչություն):
ՄԵՆԱՀԱՄԵՐԳ ՍԻՍԻԱՆՈՒՄ
Սիսիանում Դանիել Դեքերի մենահամերգը նոյեմբերի 21-ին էր: Հայտնի երգչի ներկայությունը յուրահատուկ իրադարձություն էր ողջ քաղաքի համար: Սիսիան համայնքի՝ Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի դահլիճը լեփ-լեցուն էր: 400-ից ավելի հանդիսատեսի թվում էին ոչ միայն Սիսիանում ՀԱԵ անդամներ, այլև հովիվներ ու ծառայողներ Գորիսից ու Կապանից: Հրավերն ուրախությամբ ընդունել էին նաև Սիսիանի համայնքապետարանի պաշտոնյաները, Շաղատի գյուղապետը, ուսուցիչներ, դասախոսներ, մանկապարտեզի տնօրեններ և աշխատակիցներ։
Համերգը կրում էր «Մի պատմություն» խորագիրը: Ծրագիրը սկսվեց ՀԱԵ Սիսիանի հոգևոր հովիվ՝ պատվելի Արման Մարտիրոսյանի ողջույնի խոսքով և օրհնանքով։ Այնուհետև ՀԱԵ Գորիսի հոգևոր հովիվ վեր. Սարգիս Օչինյանը խոսեց Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու առաքելության մասին, որից հետո բեմը տրամադրվեց Դանիել Դեքերին։ Համերգային ծրագրի ընթացքում հանդես եկավ նաև Դեքերի հայուհի կինը՝ քանոնահարուհի Նարինե Բաբայանը:
Հույզերով, արցունքներով, հոգևոր ու ազգային ոգով լեցուն երեկոն ավարտվեց երախտագիտությամբ: Սիսիանի համայնքապետարանի անունից երգիչը շնորհակալագիր ստացավ, իսկ կինն ու դուստրը՝ ծաղկեփնջեր: Ի նշան երախտիքի՝ ՀԱԵ Սիսիանի հոգևոր հովիվ պատ. Արման Մարտիրոսյանը Դանիել Դեքերին նվիրեց գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանի «Սյունյաց աշխարհ» կտավը։
Հ.Գ. Երգիչ Դանիել Դեքերը, ով հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ, սիրահարվել է մեր երկրին 2001 թ.-ից: Դրանից հետո չկա մի տարի, որ չայցելի, սա նրա 24-րդ այցն է: 2005 թ.-ին Դեքերը, սեփական նախաձեռնությամբ, թարգմանել է Արա Գևորգյանի Ադանա երգն ու միջազգային հարթակներում բարձրաձայնել Հայոց Ցեղասպանության մասին, 2010 թ.-ին թողարկել է «Հայ եմ իմ ընտրությամբ» հայալեզու երգերի առաջին ձայնասկավառակը, 2020 թ.-ի պատերազմի օրերին Հայաստանում էր՝ իր զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին, Հայաստանին ու Արցախին: Նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե հայ է ոչ թե արմատներով, այլ իր ընտրությամբ: