.
Երկար սպասված իրադարձություն: Սպիտակում տեղի ունեցավ ՀԱԵ եկեղեցաշենքի հիմնարկեքը

2024 թ.-ի նոյեմբերի 25-ը պատմական է Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) ու հատկապես Սպիտակի համայնքի համար: 30 տարվա սպասումից հետո Սպիտակում ՀԱԵ-ն սեփական եկեղեցաշենք կունենա: 

1994 թ.-ին, երբ «Հույս Հայաստանի Համար» կազմակերպության աջակցությամբ Սպիտակում կազմակերպվեց առաջին հոգևոր բակային ճամբարը երեխաների համար, ըստ էության՝ հիմք դրվեց այս քաղաքում Ավետարանական համայնքի ձևավորմանը: Այնուհետև, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (AMAA) միջոցով կազմակերպվեցին տարբեր բարեսիրական, քրիստոնեական դաստիարակության ծրագրեր, իսկ 1997 թ.-ից ՀԱԵ-ն Սպիտակում սկսեց գործել պաշտոնապես: 30 տարվա ընթացքում եկեղեցին ստիպված էր ծառայություններ իրականացնել վարձակալած տարածքներում, որոնք երբեք լիարժեք հարմարավետ ու նպաստավոր չէին: Վերջապես 2024 թ.-ի ապրիլին, AMAA-ի ֆինանսավորմամբ ու «Բանբեր» հիմնադրամի առաջին ներդրմամբ՝ Սպիտակ քաղաքի Հուշարձանների պուրակի հարևանությամբ հողակտոր գնվեց, եկեղեցաշենքի նախագիծ կազմվեց ու որոշվեց շինարարության ժամկետները:

Նոյեմբերի 25-ին եկեղեցաշենքի հիմնարկեքն էր. յուրահատուկ, հուզումնառատ ու հիշարժան բացօթյա պաշտամունք, որին չխանգարեց անգամ ցուրտ եղանակն ու տեղացող անձրևը: Պատմական այս արարողությունն իրենց ներկայությամբ պատվել էին ոչ միայն ՀԱԵ հովիվներ ու ծառայողներ Հայաստանի տարբեր քաղաքներից, այլև Սպիտակի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Սպիտակի Հայ Առաքելական Սբ. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վաղարշ քահանա Հակոբյանը, հոգևոր քույրեր ու եղբայրներ ոչ միայն Հայաստանի այլ քաղաքներից, այլ նաև այլ երկրներից:

Պաշտամունքը սկսվեց ՀԱԵ Սպիտակի հոգևոր հովիվ պատ. Կարեն Օչինյանի ողջույնի խոսքով, որից հետո պատվելին, սուրբգրային համարներ ընթերցելով (Սաղմ. 121.1-2, 127.1, Եսայի 28.16), պաշտամունքի կոչ արեց: Կոչին հաջորդեց 2-րդ դարում գրված Առաքելական Հավատո Հանգանակի միասնական ընթերցումը, որն առաջնորդեց պատ. Սուրեն Մակարյանը: Նա Սպիտակում ՀԱԵ հովիվն էր հիմնադրման օրվանից մինչև 2021 թ.-ը: «Փառաբանություն առ Սուրբ Երրորդություն» երգից հետո ամբիոնի մոտ հրավիրվեց Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի փոխնախագահ, Եվրասիայի Հայ Ավետարանական միության ավագ հովիվ վեր. դոկ. Ռընե Լևոնյանը, ու մինչ կառաջնորդեր պաշտամունքի աղոթքի բաժինը, հիշեց, թե ինչպես 1995 թ.-ին AMAA-ը որոշել էր Հայաստանում առաջին եկեղեցաշենքը Սպիտակում կառուցել, այդ նպատակի համար նույնիսկ հողակտոր էր գնել քաղաքի հրապարակում, սակայն տարբեր պատճառներով շենքը չկառուցվեց ու այդ երազանքն իրականություն է դառնում միայն 29 տարի անց:

Աղոթքից հետո ՀԱԵ Շիրակամուտի հոգևոր հովիվ վեր. Արամ Մկրտչյանն ընթերցեց Եփեսացիներին ուղղված Պողոս առաքյալի նամակի 2-րդ գլխի 19-22 համարները. «Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացիներ և Աստծու ընտանիքի անդամներ՝ առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Քրիստոսն է.  նրա մեջ ամբողջ կառույցը ներդաշնակորեն միավորված աճում է, որպեսզի Տիրոջով սուրբ տաճար դառնա,  որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք իբրև Աստծու բնակարան Հոգու միջոցով»:

Հիմնարկեքի պաշտամունքի պատգամաբերը Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության հովիվ, «Բանբեր» ամսագրի գլխավոր խմբագիր վեր. Ժիլպեր Լևոնյանն էր: Նա յուրահատուկ հոգևոր կապ ունի Սպիտակ քաղաքի ու տեղական ՀԱԵ-ի հետ, և մինչ պատգամի բուն ասելիքին անցնելը, նշեց, որ իր ծառայության վերջին 30 տարիներին՝ ամեն տարի ամռանը, Հայաստան է գալիս, որպեսզի մասնակցի ու իր ներդրումն ունենա Սպիտակում ՀԱԵ-ի զարգացմանն ու քրիստոնեական դաստիարակության կազմակերպմանը: Վերապատվելին, մեջբերելով 126 սաղմոսը, նշեց. «Տերը մեծ բաներ արեց մեզ համար, և մենք ուրախացանք։ Արտասուքով ցանողները ցնծությամբ են հիմա հնձում։ Սպիտակը երկրաշարժից հետո շատ արտասուք է տեսել, բայց եկել է ցնծալու ժամանակը: Այն, ինչ ապրում ենք այսօր, երազ է և ապացույց, որ Աստված չի թողնում իրեն հավատացողներին»: Ադրադառնալով Ղուկաս 4.18-ում Քրիստոսի աշխարհ գալու պատճառներին՝ վերապատվելին խոսեց եկեղեցու կողմից այդ առաքելությունը շարունակելու գործնական քայլերի մասին. «Կաղոթեմ, որ այս եկեղեցին Քրիստոսի առաքելությանը հավատարիմ լինի»,- նշեց վեր. Ժիլպեր Լևոնյանը: Վերապատվելին նաև հատուկ շնորհակալություն հայտնեց AMAA-ին մշտական աջակցության ու բոլոր ֆինանսական, կազմակերպչական հարցերում ակտիվ ներգրավվածության համար: 

Պատգամից հետո սկսվեց հիմնարկեքի բուն արարողությունը: ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը, հովվական ձեռագրագրքի կանոնակարգի համաձայն, բարձրաձայնեց  հիմնարկեքի խոսքերը. «Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու այս անկյունաքարը այստեղ եմ դնում՝ որպես Սպիտակում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցաշենքի հիմնարկեք՝ Ամենակարող, Ճշմարիտ և Մեկ Աստծո փառքի համար՝ ի վկայություն և քարոզություն Հիսուս Քրիստոսի Ավետարանի: Այլ հիմք ոչ ոք չի կարող դնել այն հիմքից բացի, որ դրված է, որը Հիսուս Քրիստոսն է»: Այնուհետև աղոթք բարձրացրեց խորհրդանշական անկյունաքարի վրա՝ որը ոսկեգույն տուփի մեջ ամփոփված Սուրբ Գիրք էր: Աղոթքից հետո պատ. Կարեն Օչինյանը տեղադրեց Աստվածաշունչը նախապես պատրաստված փոսում, իսկ ներկա հովիվները հերթով փակեցին այն շաղախով: Այդ ընթացքում ներկաները երգում էին «Եկեղեցւոյ հիմը».

 

Եկեղեցին հիմնեալ է
Լոկ Քրիստոսի վրայ
Եւ յաւիտեան Տէրոջը
Սիրոյն է առարկայ…

 

Հիմնարկեքի արարողությանը հաջորդեց Տերունական աղոթքը՝ ՀԱԵ Ստեփանավանի հոգևոր հովիվ վեր. Հրանտ Բադալյանի առաջնորդությամբ: Պաշտամունքն ավարտվեց ՀԱԵ Երևանի՝ Բաղրամյան 18-ում գտնվող եկեղեցու հոգևոր հովիվ, ՀԱԵ ՀԽ փոխնախագահ վեր. Գևորգ Գասպարյանի օրհնության աղոթքով:

Պաշտամունքից հետո ներկաներին ողջունեց Սպիտակի Համայքապետարանի ներկայացուցիչ Ազգանուշ Ֆռանգյանը: Նա, խոսելով համայնքապետի անունից, կարևոր ու պատմական համարեց նոր եկեղեցաշենքի հիմնարկեքը ու մաղթեց ՀԱԵ-ին՝ նվիրվածություն վեհ աշխատանքի կատարման գործում։

Արարողությունը եզրափակեց AMAA-ի Հայաստանի գրասենյակի տնօրեն Առէն Դեյիրմենջյանը. «Ամեն լավ բան չարչարանք է ենթադրում։ Ու կարծես այսօրվա եղանակն էլ է խորհրդանշական: Չնայած այն անբարենպաստ է, բայց կարևոր միջոցառումը կայացավ, որովհետև ամեն բան Աստծո վերահսկողության տակ է:
AMAA-ը հերթական ազգանվեր նախագիծն է իրականացնում, բայց պետք է նշեմ, որ Վեր. Ժիլպեր Լևոնյանն իր առաջին ներդրումով մեզ քաջալերեց»:

Եկեղեցաշենքի շինարարությունը կմեկնարկի 2025 թ.-ի մարտին, ու եթե Աստված կամենա, 2026-ի հուլիսին Սպիտակում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին նոր, յուրահատուկ, ժամանակակից դիզայնով ու լուսավոր սրահներով եկեղեցաշենք կունենա: 

Նախորդ
...
X