Երեմիա 29.10-14 Չորեքշաբթի | Դեկտեմբերի 11
Դուք կկանչեք ինձ և կգաք ու կաղոթեք ինձ, և ես կլսեմ ձեզ: Եր. 29.12
ԱՍՏՎԱԾ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ
Երբ հովիվ Թիմը ճանապարհորդությունների ընթացքում կրում է իր քարոզչական սպիտակ օձիքը, նրան անծանոթ մարդիկ հաճախ են կանգնեցնում։ «Խնդրում եմ, աղոթե՛ք ինձ համար», - ասում են օդանավակայանում սպասող ուղևորները՝ տեսնելով այդ տարբերանշանը։ Վերջերս մի թռիչքի ժամանակ մի կին, նկատելով նրան, ծնկի իջավ նրա աթոռի մոտ և խնդրեց. «Դուք հովիվ եք։ Կարո՞ղ եք աղոթել ինձ համար»։ Եվ հովիվ Թիմը, իհարկե, աղոթեց կնոջ համար։
Երեմիա մարգարեն լուսաբանում է, թե ինչու ենք մենք հավատում, որ Աստված լսում է մեր աղոթքները և պատասխանում դրանց. նա անտարբեր չէ։ Նա վստահեցնում էր Իր սիրելի, թեև մեղավոր և աքսորված ժողովրդին. «Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի» (Եր. 29.11): Աստված կանխատեսում էր մի ժամանակ, երբ իսրայելացիները վերադառնալու էին Իրեն։ «Դուք կկանչեք ինձ և կգաք ու կաղոթեք ինձ, և ես կլսեմ ձեզ։ Դուք կփնտրեք ինձ ու կգտնեք, երբ ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք։ Եվ ես կգտնվեմ ձեզ համար,- ասում է Տերը» (հ. 12-14)։
Մարգարեն աղոթքի մասին այդ ամենը և ավելին բացահայտեց բանտում գտնվելու ժամանակ։ Աստված նրան վստահեցրեց. «Կանչի՛ր ինձ, և ես քեզ կպատասխանեմ, և ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել» (Եր. 33.3):
Հիսուսը նույնպես մեզ կոչ անում աղոթել. «Արդ, նրանց մի՛ նմանվեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ի՛նչ է ձեզ պետք նախքան նրանից ձեր որևէ բան խնդրելը» (Մատթ. 6.8): Ուստի «Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեզ կբացվի» (Մատթ. 7.7): Յուրաքանչյուր խնդրանք մեզ ավելի է մոտեցնում Նրան, Ով պատասխանում է։ Մենք օտար չենք Աստծուն. Նա ճանաչում է և լսում է մեզ։ Դիմե՛նք Նրան մեր կարիքներով ամեն ժամանակ։
Արդյո՞ք հավատարիմ ենք աղոթքին ժամանակ տրամադրելու հարցում:
Աղոթք – Հա՛յր, Քո հոգատարությունն իմ հանդեպ ոգեշնչում է, որ աղոթեմ։ Շնորհակալ եմ, որ պատասխանում ես իմ խնդրանքներին։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ովսեե 5-8, Հայտնություն 2