Ղուկաս 2.1-7 Հինգշաբթի | Դեկտեմբերի 12
… խանձարուրի մեջ փաթաթեց, դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանատանը նրանց համար տեղ չկար։ Ղուկ. 2.7
ՏԵՂ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԱՐ
Հանգստյան օրերին այցելեցի իմ հին ընկերներից մեկին։ Մենք միասին գնացինք Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարանը, դիտեցինք շքերթը և փորձեցինք խորոված ոստրե։ Իհարկե, հիանալի ժամանակ անցկացրինք, բայց երբ մենակ մնացի ինձ հատկացրած սենյակում, քնելուց առաջ ես սկսեցի կարոտել կնոջս և երեխաներիս։ Ինձ դուր է գալիս այցելել այլ քաղաքներ, հատկապես քարոզելու նպատակով, բայց ամենից շատ սիրում եմ լինել տանը։
Հիսուս Քրիստոսի կյանքի կողմերից մեկը, որը երբեմն աչքաթող է արվում, այն է, որ Ավետարանի բազմաթիվ կարևորագույն իրադարձություններ տեղի են ունեցել ճանապարհորդությունների ընթացքում։ Աստծո Որդին եկավ մեր աշխարհ՝ ծնվելով Բեթլեհեմում, որն անչափ հեռու էր Իր երկնային տնից և բավականին հեռու Իր ընտանիքի հայրենի քաղաք Նազարեթից։ Բեթլեհեմը լեփ-լեցուն էր մարդկանցով, որոնք եկել էին մարդահամարին արձանագրվելու համար, ուստի, ինչպես Ղուկասն է գրում, Հովսեփի և Մարիամի համար իջևանատանը տեղ չկար (Ղուկ. 2.7)։
Այն, ինչ չկար Հիսուսի ծննդյան ժամանակ, գտնվեց Նրա մահից առաջ։ Տեր Հիսուսը, առաջնորդելով Իր աշակերտներին Երուսաղեմ, հանձնարարեց Պետրոսին և Հովհաննեսին պատրաստել զատկական ընթրիքը։ Վայրը պիտի ցույց տար ջրի կուժը տանող մարդը։ Տանտերը, ուր նա կմտներ, պատրաստել էր վերնատունը, որտեղ Քրիստոսը և աշակերտները կկարողանային նշել Զատիկը (Ղուկ. 22.10-12)։ Հենց այդ օտար տանը Հիսուսը հաստատեց Հաղորդության Խորհուրդը, որը կանխատեսում էր Նրա խաչելությունը (հ. 17-20)։
Այո՛, տանը լինելը հրաշալի է, բայց եթե մենք ճանապարհորդում ենք Քրիստոսի Հոգու հետ, նույնիսկ հյուրանոցի սենյակը կամ օտար տունը կարող են դառնալ Նրա հետ հաղորդակցության վայր։
Որտե՞ղ են տեղի ունենում մեր կյանքի կարևոր կամ հիշարժան իրադարձությունները։ Ինչպե՞ս կարող ենք նույնիսկ ճանապարհին գտնվելիս պահպանել կենդանի հաղորդակցությունը Քրիստոսի հետ։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, թափառականների Բարեկամ, օգնի՛ր ինձ հիշել, որ միշտ ինձ հետ ես։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ովսեե 9-11, Հայտնություն 3