.
Սեմինար ՀԱԵ հովիվների եվ ծառայողների համար

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվների եւ ծառայողների համար կազմակերպված կարճաժամկետ դասընթացի վերջին բաժինը  տեղի ունեցավ մայիսի 17-19-ը, Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում:

Այս անգամ սեմինարին ներկա էին նաեւ ՀԱԵ փառաբանության խմբերը՝  երաժիշտները, պաշտամունք առաջնորդողները, ինչպես նաեւ՝ կանանց եւ այլ խմբերում սերտողություն վարողները: Դասընթացին մասնկացում էին Հայաստանի եւ Արցախի տարբեր քաղաքներից մոտ 90 ՀԱԵ ծառայող: Երեք օրյա սեմինարի գրաֆիկը բավականին խիտ էր: Առաջին օրը ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվը՝ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը, խոսեց Աստվածաշնչի, ուսուցչի եւ պաշտամունք առաջնորդողի հոգեւոր եւ մարդկային հատկանիշների, տեսական եւ գործնական անելիքների մասին: Օրվա երկրորդ դասընթացը վերաբերում էր պաշտամունք առաջնորդելու սկզբունքներին. Վեր. Մելքոնյանն անդրադարձավ պաշտամունք առաջնորդելու ոճին, աստվածաբանությանը, նպատակին, մեթոդներին ու հայտագրին: Սեմինարի երկրորդ օրը խոսվեց Աստվածաշունչը սերտելու մեթոդների մասին: Վեր. Մելքոնյանը մասնավորապես խոսեց «Ինչու՞ եւ ինչպե՞ս սերտել Աստվածաշունչը» թեմայի շուրջ՝ սեմինարի մասնակիցներին գործնական աշխատանքի հնարավորություն տալով: Թեմայի գործնական հատվածում ՀԱԵ կանանց սերտողություն վարող քույրերն առանձին հանդիպում ունեցան Հուրի Մելքոնյանի հետ, ով ներկայացրեց սեպտեմբերից ՀԱԵ կանանց խմբերում սերտողության համար նախապատրաստվող գիրքը՝ «Աստվածաշնչի կանայք» եւ, որպես օրինակ, սերտողություն անցկացրեց գրքի առաջին գլխի շուրջ: Սեմինարի երկրորդ օրվա ավարտին պատվելի Արամ Բաբաջանյանը խոսեց Աստվածաշնչի կառուցվածքի, կազմավորման, կանոնի եւ զուգականոն գրքերի մասին: Սեմինարի վերջին օրը Վեր. Մկրտիչ Մելքոնյանը, Ղուկաս 1.1-4 համարների օրինակով խոսեց Աստծո խոսքի աղբյուրների մասին, իսկ Հուրի Մելքոնյանը ներկայացրեց հարեկեղեցական (Para Church) կառույցների պատմությունը, գործունեությունը, նպատակն ու եկեղեցիների հետ համագործակցության սկզբունքները: Սեմինարի վերջին օրն ավարտվեց քննություններով, մասնակիցները հարցաշարի միջոցով ամփոփեցին այդ օրերին իրենց լսածն ու սովորածը:

Հարկ է նշել, որ ՀԱԵ ավագ հոգեւոր հովվի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին է, ինչ կարճատեւ հոգեւոր եւ Աստվածաբանական դասընթացներ են կազմակերպվում ինչպես հովիվների, այնպես էլ՝ եկեղեցու տարբեր գործառույթներում ծառայություն ունեցող առաջնորդների համար: Այս տարի դասընթացի մեկնարկը տրվեց ապրիլի 12-14-ը, որի ընթացքում վերապատրաստվեցին ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության ոլորտի ծառայողները: Մայիսի 17-19-ը տեղի ունեցած սեմինարը կարճ դասընթացի տրամաբանական շարունակությունն էր:  

Նախորդ
...
X