.
Սուրբ Ծննդյան նվերների փաթեթավորումն ավարտվեց

Մոտենում է տարվա ամենակարևոր ու սպասված տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը։ Շատերն այս տոնը կապում են շքեղ լույսերի, տոնական երգերի, գունավոր զարդարանքների և, իհարկե, նվերների հետ: Ոմանք էլ անհամբերությամբ ու մեծ ոգևորությամբ սպասում են տոնական շրջանի սկիզբն ազդարարող Սուրբ Ծննդյան նվերների փաթեթավորմանը:

Դեկտեմբերի 16-17-ին վաղ առավոտից Ավետիսյան դպրոցում 170-ից ավելի կամավոր, այդ թվում՝ դպրոցի բարձր դասարանների սաները, համախմբվել էին մեկ նպատակի շուրջ։

Մինչ գործի անցնելը, մասնակիցներին սուրբգրային խոսքով քաջալերեց Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու քրիստոնեական դաստիարակության աշխատակից Զոհրաբ Բեկյանը։ Աղոթքից հետո տարածքում սկսվեց հաճելի ու ջերմ իրարանցում բոլորը պատրաստ էին Սուրբ Ծննդյան ուրախությունը փոխանցել՝ վստահ, որ գուցե հենց այդ նվերի պարկը դառնա մի մանուկի սիրտն Աստծուն նվիրելու առիթ։

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության համատեղ ջանքերով (AMAA) փաթեթավորվեց շուրջ 10,000 նվեր, որոնք նախատեսված են Հայաստանի 20 բնակավայրի ՀԱԵ համայնքների և AMAA գրասենյակների, ինչպես նաև 22 սահմանամերձ գյուղի երեխաների համար։

Նվերների փաթեթում խաղալիքներից, գրենական պիտույքներից ու այլ օգտակար իրերից բացի, ներառված է նաև «Շողի» ամսագիրը, որն ընդգծում է այս տոնի գլխավոր նպատակն ու պատմում ամենակարևոր հրաշքի և նվերի՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին։ Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում ՀԱԵ-ն նվերները կփոխանցի երեխաներին միայն մեծագույն նվերի մասին պատմող միջոցառումից հետո, որտեղ բեմական հերոսները կազդարարեն «Բարի Լուր է, Բարի Լուր»։

 

Նախորդ
...
X