.
Պատմական ներկայացում՝ «Փրկության հրեշտակը»

Երկու օր, երեք ներկայացում: Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) եւ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) «Հայասա» թատերախումբը մայիսի 23-ին եւ 24-ին հարյուրավոր հանդիսատես էր հավաքել՝ դիտելու «Փրկության հրեշտակը» ներկայացումը՝ նվիրված ԱՀԱԸ 100-ամյակին եւ Հայոց ցեղասպանության տարելիցին:

Այս պատմական բեմականացումն արտացոլում էր ՀԱԵ հովիվ՝ վերապատվելի Հովհաննես Էսքիջյանի եւ նրա կողմից փրկված բազմաթիվ հայ որբուկների պատմությունը:  Գլխավոր հերոսներին՝ Վեր. Հովհաննես Էսքիջյանին մարմնավորում էր դերասան Սմբատ Ստեփանյանը, իսկ թուրք փաշային՝ Արա Գեւորգյանը: Ներկայացման հիմնական դերակատարները փորձառու դերասաններ էին:  

Ինչպես նշեցինք, այս ներկայացման հիմքում իրական պատմություն էր: Վեր. Էսքիջյանը, ով ցեղասպանության տարիներին Հալեպում գաղտնի գործող փրկության ծրագրի առանցքային դերակատարներից էր, Հալեպի Հայ Ավետարանական «Էմմանուել» եկեղեցու հովիվն էր: Նա դարձավ «փրկության հրեշտակ» եղեռնից մազապուրծ եղած բազմաթիվ հայ մանուկների համար:  Վեր. Էսքիջյանը, Գարլըքի եւ Հալեպի երկաթգծի կայարաններից մեկ երեխայի դիմաց մեկ ոսկի վճարելով, գնում էր հայ որբուկներին եւ վերարկուի տակ թաքցրած` իր տուն էր տանում, ապա տարբեր թաքստոցներում ապաստան գտնում նրանց համար: Նա դա անում էր կյանքի գնով: Մի կողմից թուրքական կառավարության սպառնալիքներն էին, մյուս կողմից` հայ որբուկներից տարատեսակ հիվանդություններով վարակվելու հավանականությունը: Վեր. էսքիջյանը մահացել է 1916թ.-ին՝ տիֆից:

Այս պատմությունը թատերական ներկայացման էր վերածել սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Նունե Աբրահամյանը: Նրան հաջողվել էր ոչ միայն մեկ ժամվա մեջ խտացնել 100 տարի առաջ տեղի ունեցող իրադարձությունների առանցքային դրվագները, այլեւ հրաշալի դերասանական կազմ հավաքելով՝ հանդիսատեսին փոխանցել հայ ժողովրդի փրկության ամենահուզիչ մանրամասները:  

Մայիսի 24-ին՝ ներկայացման ավարտին, խոսքով հանդես եկան ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը եւ ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը: Երկուսն էլ հուզված էին, որովհետեւ ներկայացման մեջ տեղի ունեցող իրադարձությունները Հալեպում էին՝ նրանց ծննդավայրում: Վեր. Մելքոնյանը հիշեց, որ իր հոր աշխատավայրը Վեր. Էսքիջյանի տան մոտ էր, եւ որ մանուկ ժամանակ շատ է խաղացել այն կայարանում, որտեղից հայերի փրկության գործընթացն է տեղի ունեցել: Վերապատվելին շնորհակալություն հայտնեց դերասաններին եւ ռեժիսորին, որ ստիպեցին վերհիշել ու որպես օրինակ հետեւել էսքիջյաններին և շարունակել նրանց սկսած հայանպաստ գործունեությունը: Զավեն Խանջյանը նկատեց, որ հայերի համար Դերզորը ասոցացվում է մահվան հետ, իսկ Հալեպը՝ կյանքի: Նա նշեց, որ այդ տարիներին փրկված մանուկներն իրենց ծնողներն են, եւ երբեք հնարավոր չի լինի մոռանալ այն, ինչ արեցին նրանց փրկության համար զոհված հերոսները: Զավեն Խանջյանը նաեւ նկատեց, որ Ավետարանչական ընկերակցությունը, որն այս տարի նշում է իր 100-ամյակը, նույնպես ստեղծվել էր Եղեռնից փրկված հայերին օգնելու համար, եւ արդեն մեկ դար է շարունակում է հայերին ու հայրենիքին օգնելու մեծ առաքելությունը:    

Բոլոր 3 ներկայացումներից հետո հանդիսատեսը հեռանում էր թաց աչքերով՝ վերարժեւորելով ու գնահատելով հայ հերոսների ինքնազոհ սխրագործությունն ու Աստծո մեծ գործը հայապահպանության մեջ:

Նախորդ
...
X