.
ՀԱԵ Ալավերդու հովիվը քարոզչության արտոնություն ստացավ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) դեկտեմբերի 22-ի տերունական պաշտամունքն Ալավերդի քաղաքում տարբերվող էր. հյուրեր, հովիվներ, երեցկանայք եկել էին ոչ միայն Տիրոջը պաշտելու, այլև ՀԱԵ Ալավերդու համայնքի հետ կիսելու հովվի քարոզչության արտոնության ուրախությունը:

Պաշտամունքը սկսվեց ՀԱԵ Ալավերդու հոգևոր հովիվ Խաչիկ Նազարյանի ողջույնի խոսքով ու պաշտամունքի կոչով: Փառաբանության երգերին հաջորդեց ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանի բարձրաձայնած փառաբանության աղոթքը: Այնուհետև ՀԱԵ Ստեփանավանի հոգևոր հովիվ վեր. Հրանտ Բադալյանը (նրա հովվական հոգածության ներքո է Խաչիկ Նազարյանը 2022-2023 թթ.-ին անցել հովվական փորձառական շրջանը), համայնքին առաջնորդեց փոխասաց ընթերցանության: 

Մինչ կարևոր հայտարարությանն անդրադառնալը՝ ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նախագահ վեր. Վարդան Ափինյանը հովվական աղոթքն առաջնորդեց, այնուհետև ՀԱԵ Ալավերդու համայնքին հայտարարեց, որ ՀԱԵ Հոգևոր Խորհուրդը, ուսումնասիրելով Խաչիկ Նազարյանի գրավոր աշխատանքները, կոչումն ու վկայությունը, որոշում է կայացրել նրան քարոզչության արտոնություն շնորհել: Այսուհետև պատվելի Խաչիկ Նազարյանը կարող է իր համայնքում կատարել հաղորդության և մկրտության խորհուրդները:

Վեր. Վարդան Ափինյանը բեմ հրավիրեց պատ. Խաչիկ Նազարյանին, ուղղեց նրան Պողոս Առաքյալի՝ Տիմոթեոսին ուղղված հորդորը՝ պահել իրեն վստահված ավանդը, հեռու մնալ պիղծ ունայնաբանությունից ու սուտանուն գիտության հակառակություններից (Ա Տիմ. 6.20). «Պատվելի՛ Խաչիկ, կյանքում ու ծառայության ընթացքում թե՛ հաջողություն կունենաս և թե՛ դժվարություններ, ամեն դեպքում ապավինի՛ր Տիրոջ շնորհքին»,- հորդորեց վեր. Ափինյանն ու աղոթք բարձրացրեց ինչպես պատ. Խաչիկ Նազարյանի, այնպես էլ նրա ընտանիքի ու ՀԱԵ Ալավերդու համայնքի համար: 

Քարոզչության արտոնության մասին հայտարարությանը հաջորդեց մեկ այլ հիշարժան արարողություն: Պատ. Խաչիկ Նազարյանն ու տիկինը՝ Օլգան, Տիրոջը նվիրեցին իրենց երկրորդ զավակին՝ Միքայելին: Այդ յուրահատուկ արարողությունն առաջնորդեց ՀԱԵ Դիլիջանի հոգևոր հովիվ վեր. Գառնիկ Թութիկյանը: Նախ վերապատվելին ընթերցեց Մաթևոս Ավետարանի 18.1-5 համարները, որտեղ Հիսուսը խոսում է Երկնքի Արքայություն մտնելու համար մանուկների պես լինելու կարևորության մասին: 

Այնուհետև Վեր. Թութիկյանը հստակեցրեց, որ մանուկի նվիրումը ծնողների ու եկեղեցու ուխտն է Աստծո հետ, որի համաձայն իրենց խոսքով ու կյանքով պետք է վկայեն մանուկին Քրիստոսի մասին ու հոգ տանեն նրա հոգևոր կրթության համար: Այնուհետև վերապատվելին հարցեր հնչեցրեց. «Խոստանու՞մ եք մանուկին կրթել ու դաստիարակել՝ աստվածաշնչյան ճշմարտությունների համաձայն: Խոստանու՞մ եք մինչև նրա չափահաս դառնալը, երբ ինքնուրույն կորոշի մկրտությամբ Աստծո տիեզերական եկեղեցուն միանալ, նրան կրթել ու դաստիարակել աստվածահաճո սկզբունքներով»,- այս հարցադրումներին երեխայի ծնողներից դրական պատասխան ստանալուց հետո վեր. Թութիկյանը հարց ուղղեց նաև համայնքին. «Սիրելի՛ եկեղեցի, խոստանու՞մ եք ձեր կյանքով, վարքով վկայություն և ոչ թե գայթակղություն լինել մանուկի համար մինչև նրա չափահաս դառնալը»,- համայնքի դրական պատասխանն առնելուց հետո վերապատվելին աղոթք բարձրացրեց փոքրիկ Միքայելի համար՝ նվիրելով նրան Աստծուն:    

Պաշտամունքը շարունակվեց պատգամով: Պատվելի Խաչիկ Նազարյանը, Գալստյան շրջանի թեմաներին անդրադառնալով, խոսեց Ղուկաս 2.8-20 համարներում նկարագրված «Բեթլեհեմյան Խաղաղության» մասին: Կարևորելով խաղաղությանը, որպես Աստծո փրկարար ծրագրի մի մաս, պատվելին աստվածաշնչյան հատվածից բխող 3 բացահայտում արեց խաղաղության մասին: 

Խաղաղության դրսևորումը: Խաղաղության Բարի Լուրը հրեշտակների միջոցով առաջինը հովիվներն առան՝ հասարակության մեծ շրջանակից դուրս մնացած մարդիկ՝ բացահայտելով, որ փրկությունը հասանելի է բոլորին: 

Խաղաղության աղբյուրը: Իրական, մնայուն ու հավերժական խաղաղության աղբյուրն Աստված է, ով մսուրի մեջ էր, խանձարուրով փաթաթված: 

Խաղաղության ազդեցությունը: Հովիվները, Բարի Լուրը լսելով ու տեսնելով, ոչ թե լռեցին, այլ պատմեցին բոլորին: Նրանց ուրախությունը վարակիչ էր:

«Իրական խաղաղությունը փոխակերպում է մարդու կյանքը ու ստիպում, որ կիսի այդ ուրախությունը մյուսների հետ: Խաղաղությունը նաև մտորելու փորձառություն է, ինչպես Մարիամը լռության մեջ մտորեց: Խաղաղությունն Աստծո ներկայությունն է այսօր, այն Աստծո պարգևն է, որ գալիս է հավատքի ու հնազանդության միջոցով»,- նշեց պատ. Նազարյանը՝ կոչ անելով ընդունել և մասնակիցը դառնալ Բեթլեհեմյան Խաղաղության։

Պատգամին հաջորդեց Սուրբ Հաղորդության մատակարարումը: Պատ. Խաչիկ Նազարյանը նախ ներկայացրեց խորհրդի կարևորությունը, այնուհետև վեր. Հրանտ Բադալյանի հետ միասին օրհնեցին հացն ու գինին: 

Պաշտամունքն ավարտվեց Տերունական երգով ու պատվելի Խաչիկ Նազարյանի օրհնության աղոթքով:  

Նախորդ
...
X