Եսայի 48․12-19 Երեքշաբթի | Դեկտեմբերի 31
Իմ ձեռքն է հիմնել երկիրը, և իմ աջն է տարածել երկինքը. երբ կանչեմ նրանց, միասին կկանգնեն։ Ես 48․13
ԱՍՏԾՈ ՁԵՌՔԸ
1939 թվականին, երբ Մեծ Բրիտանիան պատերազմի մեջ մտավ, Ջորջ 6-րդ թագավորը Սուրբ Ծննդյան իր խոսքում կոչ արեց Միացյալ Թագավորության քաղաքացիներին իրենց հույսը դնել Աստծո վրա։ Իր խոսքում նա մեջբերեց մի հատված հայտնի ստեղծագործությունից, որ հաճախ էր լսում իր մայրիկից․ «Երբ ճանապարհը մթագնած է, և վախերը կանգնած են քո առջև, բռնի՛ր Աստծո ձեռքը և վստահությամբ առաջ քայլիր Նրա հետ։ Աստծո մեջ դու կլինես ապահով, ինչպես ամուր աշտարակի ներսում, և քո ճանապարհը կդառնա պարզ ու լուսավոր, ինչպես ամենապայծառ օրը»։
Թագավորը չգիտեր, թե նոր տարին ինչպիսին կլինի երկրի համար, բայց նա հավատում էր, որ Աստված կուղեկցի և աջակցի իր ժողովրդին առաջիկա տագնապալից օրերին։
Աստծո ձեռքի գործերին հաճախ ենք հանդիպում Աստվածաշնչում՝ հատկապես Եսայի մարգարեի գրքում։ Աստված մարգարեի միջոցով կոչ էր անում Իր ժողովրդին հավատալ, որ Նա՝ նրանց Արարիչը, Առաջինն ու Վերջինը (Ես. 48.12), ներկա է լինելու նրանց կյանքի մեջ։ «Իմ ձեռքն է հիմնել երկիրը, և իմ աջն է տարածել երկինքը», - ասում է Տերը (հ. 13)։ Իսրայելացիները պետք է ապավինեին Նրան, ոչ թե փնտրեին օգնություն մարդկանցից, քանի որ Նա է իրենց «Փրկիչը» և «Իսրայելի Սուրբը» (հ. 17)։
Ինչ էլ սպասվի մեզ գալիք տարվա մեջ, մենք կարող ենք հետևել Ջորջ թագավորի և Եսայի մարգարեի կոչին՝ մեր հույսը դնելով Աստծո վրա։ Այդ դեպքում մեր խաղաղությունը կլինի «ինչպես գետ», իսկ արդարությունը՝ «ինչպես ծովի ալիքներ» (հ․18):
Մեր կյանքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, մեր հարաբերությունները վստահենք Աստծուն։
Աղոթք – Ամենակարո՛ղ Աստված, Դու ստեղծեցիր երկինքն ու երկիրը և մինչ օրս ապահովությամբ պահպանում ես ինձ։ Ես վստահությամբ հույսս դնում եմ Քեզ վրա։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Մաղաքիա 1-4, Հայտնություն 22