.
Կանանց մեկօրյա համագումար Վանաձորում

Այս տարի 3-րդ եւ վերջին մեկօրյա համագումարը, նախատեսված Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) կանանց սերտողության խմբերի համար, տեղի ունեցավ մայիսի 26-ին, Վանաձորի ՀԱԵ-ում՝ Հայաստանի հյուսիսային շրջանների ՀԱԵ կանանց մասնակցությամբ: Ավելի քան 200 կին՝ Վանաձորից, Սպիտակից, Ստեփանավանից, Շիրակամուտից, Գյումրիից, Ալավերդուց, Նոյեմբերյանից, Դիլիջանից եւ Իջեւանից:   

Համագումարը սկսվեց հյուրասիրությամբ, այնուհետեւ շարունակվեց եկեղեցասրահում: Սկզբում տեսաշարի միջոցով ամփոփվեց  կանանց խմբերի հետ եւ նրանց համար նախորդ տարի իրականացրած ծրագրերը: Այնուհետեւ սկսվեց հոգեւոր բաժինը: Փառաբանությանը հաջորդեց Աստծո խոսքի պատգամը: Վեր. Մկրտիչ Մելքոնյանը խոսեց Ա Տիմոթեոս 4.1-13 համարների շուրջ, որտեղ Պողոս Առաքյալը հորդորում է Տիմոթեոսին օրինակ լինել հավատացյալներին՝ նախ սերտելով եւ ապրելով Աստծո Խոքսը ու վարդապետությունը:

Այնուհետեւ կանայք բաժանվեցին 13 խմբի, եւ շարունակեցին խորհրդածել Աստծո խոսքի շուրջ՝ բազմաթիվ զուգահեռներ տեսնելով Տիմոթեոսին ուղղված մարտահրավերների եւ մեր օրերի խնդիրների միջեւ, կարեւորելով Աստծո խոսքով սնվելը՝ կյանքով վկայություն եւ օրինակ լինելու համար: Սերտողության երկրորդ բաժնում անդրադարձ եղավ նաեւ սեպտեմբերից ՀԱԵ բոլոր կանանց խմբերում սերտվող «Գեղեցիկն Աստծո աչքերում» գրքին: Կանանցից շատերը վկայեցին գրքի սերտողության արդյունքում իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների եւ օրհնությունների մասին:

Խմբային սերտողությունից հետո կանայք դարձյալ հավաքվեցին դահլիճում, եւ յուրաքանչյուր խմբից մեկական քույր ամփոփեց խմբային սերտողությունը:

Ինչպես արդեն նշեցինք, սա այս տարվա 3-րդ մեկօրյա համագումարն էր: Առաջինը տեղի էր ունեցել ապրիլի 28-ին՝ Սիսիանում, Սյունիքի մարզի եւ Արցախի ՀԱԵ կանանց խմբերի համար: Մյուսը՝ մայիսին 14-ին՝ Երեւանում, տեղի եւ հարակից քաղաքների ՀԱԵ կանանց խմբերի համար:

Հարկ է նշել, որ այսօրինակ համագումարների նպատակը իսկզբանե միջեկեղեցական կապն ամրապնդելն էր: Այսօր, տեսնում ենք նաեւ, թե որքան մեծ օրհնություն է, երբ մեկ հարկի տակ, Հայաստանի եւ Արցախի տարբեր շրջանների կանայք միաբանությամբ Աստծուն են պաշտում, Սերտում Սուրբ Խոսքն ու պատմում իրենց կյանքի փորձությունների ու օրհնությունների մասին: Փառք Աստծուն այս հրաշալի առիթի համար:

Նախորդ
...
X