.
2025թ., Հունվարի 9

Սաղմոսներ 63                                                                                    Հինգշաբթի   |   Հունվար 9

 

Որովհետև քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքը. իմ շրթունքները պիտի գովեն քեզ։ Սաղմ 63․ 3

 

ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԿՅԱՆՔԸ

 

Երբ անսպասելի առողջական խնդիրների առաջ կանգնեցի,  ամուսինս և ընկերներս որոշեցին ինձ հետ մեկնել լեռնային առողջարան՝ հանգստանալու, ես ցանկացա բարձրանալ փայտե աստիճաններով, որոնք տանում էին դեպի բլրի գագաթին գտնվող մի փոքրիկ եկեղեցի: Կանգնելով կոտրված աստիճանի վրա և մի պահ հանգստանալով՝ ես նուրբ շշուկով ասացի. «Օգնի՛ր ինձ, Տե՛ր»: Հանկարծ, խոր լռության մեջ վերևից սկսեց լսվել մեղմ երաժշտություն: Ես շարունակում էի դանդաղ բարձրանալ, մինչև մտա եկեղեցու շեմից ներս: Խորապես շնչելով և շարունակվող ցավերի մեջ ապրելով՝ ես անսահման շնորհակալություն հայտնեցի Աստծուն՝ այն բանի  համար, որ Նա լսում է մեզ, անգամ ամայացած վայրերում։

Աստվածաշնչում Աստծուն երկրպագելու ամենահայտնի և զորավոր պահերից մի քանիսը տեղի են ունեցել անապատներում։ Օրինակ, Դավիթը, երբ թաքնվում էր Հուդայի անապատում և հավանաբար փախչում իր որդուց, աղոթում էր. «Ո՜վ Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից. հոգիս ծարավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա» (Սաղմ․ 63․1): Անկեղծորեն Աստծո փառքը և ուժը տեսնելով՝ Դավիթն Աստծո ողորմությունը համարեց «ավելին, քան կյանքը» (հ. 3), ուստի նա, անգամ անապատում, շարունակեց փառաբանել և երկրպագել Աստծուն․ «Որովհետև դու ինձ օգնական եղար, և ես պիտի ցնծամ քո թևերի հովանավորության տակ։ Իմ անձն ամենուր հետևում է քեզ. քո աջը հաստատ է պահում ինձ»  (հ. 7-8):

Ինչպես Դավիթը, ով անկախ դժվարություններից ու իր դեմ ծառացած թշնամանքից, դրսևորեց վստահություն Աստծո նկատմամբ՝ նրան փառաբանելով (հ․11), մենք նույնպես կարող ենք նույնն անել։ Չնայած երբեմն ստիպված ենք լինում կրել ցավեր ու փորձություններ, հաճախ՝ առանց մեր մեղքի, մենք պետք է հավատանք, որ Աստծո ողորմությունն իսկապես ամենից վեր է՝ ավելի արժեքավոր, քան կյանքը։

 

Ինչպե՞ս կարող է Աստծո սիրո գիտակցումն աջակցել մեզ, երբ խոցված կամ պարտված ենք զգում: Ինչպե՞ս է Աստծուն փառաբանելը զորացնում մեր հավատքը՝  դժվարությունները հաղթահարելու ընթացքում:

 

Աղոթք – Տե՛ր իմ, Քո ողորմությունն իսկապես ավելի լավ է, քան կյանքը: Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 23-24, Մատթեոս 7