.
Պաշտոնակոչության արարողություն

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) արտոնյալ ծառայողների շարքը համալրվեց: Մայիսի 27-ին Վանաձորի ՀԱԵ-ում տեղի ունեցավ Սպիտակի ՀԱԵ հովիվ Սուրեն Մակարյանի հովվական քարոզչության արտոնության եւ  պատվելիի կոչման շնորհումը: Կիարկնօրյա տոնական պաշտամունքին ներկա էին ոչ միայն Վանաձորի այլեւ Սպիտակի, Շիրակամուտի համայնքների անդամները, այլ քաղաքների ՀԱԵ հովիվներ իենց կանանց հետ: Պատգամաբերը ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ՝ Վեր. Մկրտիչ Մելքոնյանն էր, ով խոսելով սաղմոս 27-ում Դավթի աղոթքի մասին, հատկապես ուշադրություն հրավիրեց 4-րդ համարի վրա .«Մեկ բան եմ խնդրում Տիրոջից, եւ այն շատ եմ փափագում, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերը…»: Վեր. Մելքոնյանը նկատեց, որ Դավիթ թագավորի պես յուրաքանչյուր քրիստոնյա, այդ թվում եւ Սուրեն Մակարյանը կարող է կյանքի ու հատկապես ծառայության ընթացքում տարատեսակ խնդիրներ ու վախեր ունենալ, բայց եթե ամեն բանից վեր դասի Տիրոջ տանը բնակվելը՝ Նրա հետ մտերմությունն ու հաղորդակցությունը, Աստծո կամքը օրհնյալ կլինի նրա համար, օգնելով հաղթահարել ցանկացած դժվարություն:

Պատգամից հետո ներկայացվեց Սուրեն Մակարյանի կենսագրությունը. Նա 1992թ.-ից, ապաշխարությունից ի վեր, ծառայում է ՀԱԵ-ում, 2005-2009թթ.-ին սովորել է ՀԱԵ աստվածաբանական ակադեմիայում, տարիներ շարունակ հովվում է Սպիտակի եկեղեցին:

Այնուհետեւ, ՀԱԵ խորհրդի նախագահ Ալբերտ Փայտյանը, պաշտոնակոչության ընթացակարգի համաձայն, ընթերցեց պատվելի դառնալու ուխտը, իսկ համայնքը լսեց Սուրեն Մակարյանի պատասխանները: Ուխտի հաստատության աղոթք բարձրացրեց Վեր. Մկրտիչ Մելքոնյանը: Արարողության ավարտին Սուրեն Մակարյանին հանձնվեց քարոզչության արտոնության հավաստագիր:   

Այս արարողությունը համայնքի առջեւ վկայություն էր այն բանի, որ այսուհետեւ, պատվելի Սուրեն Մակարյանը Սպիտակի ՀԱԵ-ում իրավունք ունի ոչ միայն Աստծո Խոսքը քարոզելու, այլեւ ՀԱԵ հիմնական խորհուրդները կատարելու՝ հաղորդություն մատուցելու եւ մկրտելու: Մինչ այս արարողությունը, ամիսներ առաջ, ՀԱԵ հովվական հանձնախումբը, ՀԱԵ հոգեւոր խորհրդի լիազորությամբ, գործող ընթացակարգի համաձայն ուսումնասիրել էր Սուրեն Մակարյանի աստվածաբանական կրթությունը, երկարամյա ծառայության փորձառությունը, վարդապետությունը եւ հաստատել հովվական քարոզչության արտոնությունն ու պատվելիի կոչումը:

Նախորդ
...
X