Հռոմեացիներին 5․ 6-11 Հինգշաբթի | Հունվար 16
… Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Հռոմ․ 5․8
ՆՈՐ ՍԿԻԶԲ ԱՍՏԾՈ ՀԵՏ
Հոլանդացի մեծ նկարիչ Ռեմբրանդն իր «Խաչ բարձրացնելը» նկարում, որը նկարեց 1633 թվականին, կարծես թե լուռ մի հարց է տալիս դիտողին. «Քո մեղքե՞րն էլ են բաժին ունեցել Քրիստոսի խաչելության մեջ»։ Նկարում պատկերված է այն պահը, երբ խաչը, որի վրա գամված էր Քրիստոսը, բարձրացնում են ու տեղադրում Գողգոթայում։ Նկարում երևում են չորս անձինք, ովքեր իրականացնում են այս գործողությունը, բայց մեկն առանձնանում է իր պայծառությամբ։ Նա կրում է Ռեմբրանդի դարաշրջանի հագուստ, իսկ գլխին՝ նկարչին բնորոշ գլխարկ։ Ուշադիր դիտելով՝ կարելի է հասկանալ, որ այդ անձը հենց Ռեմբրանդն է։ Նա իր կերպարը ներառել է այս ստեղծագործության մեջ՝ կարծես ասելով. «Իմ մեղքերով ես նույնպես խաչեցի Տիրոջը»։
Նկարում կա ևս մեկ կերպար, որ առանձնանում է ընդհանուր ֆոնին։ Նա նստած է ձիու վրա և ուղղակի նայում է դիտողին։ Ոմանք կարծում են, որ սա Ռեմբրանդի երկրորդ ինքնապատկերն է։ Նրա խորունկ հայացքը կարծես հարցնում է. «Արդյոք դու՞ք էլ չեք մեղանչել և խաչել Հիսուսին»։
Այո՛, մենք իսկապես այնտեղ էինք, քանզի Հիսուսն իր կյանքը զոհեց նաև մեր մեղքերի համար։ Պողոս առաքյալը, Հռոմեացիներին ուղղված իր նամակում, հիշեցնում է, որ մենք Աստծո թշնամիներն էինք (Հռոմ. 5․10)։ Թեև մեր մեղքերը Նրա մահվան պատճառ դարձան, բայց և այնպես, Քրիստոսի անգին զոհաբերությամբ մենք հաշտվեցինք Արարչի հետ. «Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ» (հ. 8):
Մենք նույնպես կանգնած ենք Գողգոթայում՝ Ռեմբրանդի ու Պողոսի կողքին, որպես մեղավորներ, ովքեր խիստ կարիք ունեն ներման։ Տերն Իր խաչի միջոցով մեզ պարգևում է այն, ինչ երբեք չէինք կարողանա ինքներս մեզ տալ, և լիացնում է մեր հոգու ամենախորը կարիքը՝ պարգևելով Աստծո հետ նոր կյանք։
Հիշե՛նք, թե ինչպիսին էր մեր կյանքը մինչև Աստծուն ճանաչելը և ինչպիսին պետք է լինի այժմ, երբ խաղաղություն ենք գտել Նրա հետ։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ զոհաբերությանդ համար։ Օգնի՛ր ինձ վայելել Քո անսահման սերը և ապրել այդ սիրով։ Դարձրու՛ իմ քայլերը հավատարիմ ու ազնիվ, որպեսզի շարունակեմ մոտենալ Քեզ՝ լիովին վստահելով Քո մեծությանն ու մխիթարությանը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ծնունդ 39-40, Մատթեոս 11