.
2025թ., Հունվարի 17

Գաղատացիներին  6․ 7-10                                                                   Ուրբաթ   |   Հունվար 17

 

 

 

Բարիք գործելուց չձանձրանանք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք։ Գաղ․ 6․9

 

ՄԻ՛ ՀՈՒՍԱՀԱՏՎԵՔ


Սեմը զգում էր ծայրահեղ հոգնածություն ինն ամիս շարունակ նոր աշխատակազմում աշխատելուց հետո։ Նա, լինելով հավատացյալ, փորձում էր իր պարտականությունները կատարել և դժվարություններին դիմակայել՝ Աստծո Խոսքին համապատասխան։ Սակայն հարաբերություններում դժվարությունները շարունակվում էին, իսկ հաջողություններն աննշան էին թվում։ Նա սկսեց մտածել, որ գուցե պետք է թողնել ամեն ինչ և հեռանալ։

Հավանաբար շատերս ենք ունեցել այդպիսի զգացողություն. թեև գիտակցում ենք, որ պետք է բարիք գործենք, սակայն ֆիզիկական և հոգևոր հյուծվածությունը խանգարում է շարունակել։ Նմանատիպ իրավիճակում չպետք է ընկճվենք։ Պողոս Առաքյալը մեզ քաջալերում է հետևյալ խոսքերով. «Բարիք գործելուց չձանձրանանք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք» (Գաղ․ 6․9)։ Նա սերմանման և հնձման օրինակն է բերում՝ ընդգծելով, թե յուրաքանչյուր հողագործի համար սերմանելը որքան ծանր ու անխոնջ աշխատանք է պահանջում։

«Հոգով սերմանելը» (հ․ 8) նույնպես հեշտ առաքելություն չէ։ Քրիստոնյաները, ովքեր ջանում են քայլել Սուրբ Հոգու առաջնորդությամբ և ապրել Աստծուն հաճելի կյանքով, հաճախ տկարանում  և հուսահատվում են։ Սակայն, եթե հավատարիմ մնանք Նրա խոստումներին, հնձի ժամանակն անխուսափելիորեն կգա։ Մենք կհնձենք «հավիտենական կյանք» (հ․ 8, Հովհ. 17․3)՝ Քրիստոսի վերադարձից հետո Աստծո օրհնությունների առատ բերքը։ Իսկ այս երկրային կյանքում մեզ կուղեկցեն վստահությունն ու հոգևոր ուրախությունը, որոնք բխում են ճշմարիտ աստվածճանաչողությունից։ Աստծո կողմից սահմանված ժամանակին մենք կքաղենք պտուղները։ Այդ ժամանակը  կախված չի ո՛չ տարվա եղանակից, ո՛չ էլ կլիմայական պայմաններից, այլ միայն կատարյալ Աստծո կամքից։ Մինչ հնձի ժամանակը կգա, հարկ է շարունակել սերմանել՝ ապավինելով Աստծո Սուրբ զորությանը։


Ի՞նչ պատճառներով ենք հաճախ հուսահատվում։ Ամուր կառչած մնա՛նք Աստծո խոստմանը, որ «իր ժամանակին կհնձենք» այն, ինչ սերմանել ենք։ 


Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ չընկճվել և շարունակել բարիք գործել։ Ամեն։








Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 41-42, Մատթեոս 12․1-23