Բ Կորնթացիներին 5․21 - 6․2 Շաբաթ | Հունվար 18
Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։ Բ Կորնթ․ 6․2
ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ
«Հայտարարվում է Մոնտեգո Բեյ ուղևորվող չվերթի մեկնարկը»,- հնչեց օդանավակայանի բարձրախոսի ձայնը։ Ես և ավագ դպրոցի աշակերտներից կազմված խումբը պատրաստվում էինք միսիոներական ուղևորության դեպի Յամայկա։ Շտապ ձեռքերս տարա ուսապարկիս՝ անձնագիրս ու տոմսս հանելու համար... և քարացա. անձնագիրս պայուսակիս մեջ չէր։
Մեր խումբը մեկնեց, իսկ առջևում ինձ սպասվում էր հուսահատ փորձերով լի չորս օր՝ նոր անձնագիր ստանալու համար։ Հարյուրավոր հեռախոսազանգեր, անարդյունք այցեր անձնագրային բաժին, երկար ճանապարհ դեպի տուն և հարևան քաղաքում անցկացրած երկու օր։ Վերջապես ընկերներիս օգնությամբ ստացա նոր անձնագիր և Յամայկայում միացա ընկերներիս։
Անձնագիրը, որքան էլ բարակ և սովորական գրքույկ լինի, միաժամանակ միակ երաշխիքն է, որ ապահովում է մեր ճանապարհորդությունը դեպի այն վայրեր, որտեղ ուզում ենք հայտնվել։ Սակայն, որքան էլ կարևոր լինի այս փաստաթուղթը, նրա արժեքը չի համեմատվում այն արժեքի հետ, ինչն ապահովում է մեր վերջնական կանգառը հավիտենության մեջ՝ հավատքն առ Հիսուս Քրիստոս: Դա միակ հուսալի երաշխիքն է, որը մեզ պաշտպանում է Աստծո դատաստանից և հավիտենական կյանք շնորհում։
Աստվածաշունչն ասում է. «Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը» (Բ Կորնթ. 6․2): Պողոսը հայտարարում է փրկության շնորհը, որ ստանում ենք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նրան հավատալով՝ մենք հաղորդակից ենք դառնում Աստծո սիրուն և Նրա փրկարար, վերականգնող գործին։ Եկե՛ք իսկապես հասկանանք, թե ինչ է նշանակում հաշտվել Աստծո հետ Քրիստոսի միջոցով (Բ Կորնթ. 5․21):
Ի՞նչ արժեք ունի քեզ համար Քրիստոսի հանդեպ հավատքը:
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ բացեցիր մեղքից և մահից փրկության ճանապարհը: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ծնունդ 43-45, Մատթեոս 12․24-50