.
2025թ., Հունվարի 19

Սաղմոսներ  65․ 1- 6                                                                              Կիրակի   |   Հունվար 19

 

 

 

Դու լսում ես աղոթքը. ամեն մարդ քեզ մոտ է գալիս։ Սաղմ․ 65․2

 

ՆԱ, ՈՎ ԼՍՈՒՄ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԱՂՈԹՔՆԵՐԻՆ


  Էմման անհանգիստ էր։ Նա դիմում էր ներկայացրել նպաստ ստանալու համար և սպասում էր հարցազրույցին՝ պետական խորհրդատուներից մեկի հետ, ով բավականին անբարյացկամ մարդ էր։ Սակայն ընտանիքի ֆինանսական կարիքները նրան ստիպում էին դիմակայել այդ դժվարությանը։ Չնայած Էմման քրիստոնյա չէր, այնուամենայնիվ, ընդունեց կնոջս առաջարկը, որպեսզի նրա համար աղոթեն աստվածաշնչյան սերտողության խմբում։

Մեկ շաբաթ անց Էմման փայլուն ժպիտով պատմում էր, թե որքան սիրալիր ու բարեհամբույր էր գտնվել խորհրդատուն. «Իմ կյանքում երբեք չեմ լսել, որ հարցազրույցը կարող է այսքան հաճելի անցնել։ Պետք է խոստովանեմ՝ այդ աղոթքներում մի անհասկանալի, բայց խորապես դրական ուժ կա»։

Ակնհայտ է, որ Էմման դեռևս չի ճանաչում Աստծուն, սակայն հիացմունքով ենք տեսնում, թե ինչպես է Տերը պատասխանում աղոթքներին՝ Իրեն մոտեցնելով նաև նրանց, ովքեր դեռ չեն ճանաչում և հավատում Աստծուն։ Սաղմոսերգու Դավիթը գրում է. «Ո՜վ Աստված, քեզ օրհներգություն է վայելում Սիոնի մեջ, և կատարվում է այն, ինչ ուխտել ենք քեզ։ Դու լսում ես աղոթքը. ամեն մարդ քեզ մոտ է գալիս» (Սաղմ. 65․1-2): Մենք հաճախ  մոռանում ենք, որ Աստված սիրով պատասխանում է աղոթքներին՝ երևելի դարձնելով Իր ներկայությունը թե՛ մեր, թե՛ ուրիշների կյանքում։ Այս կերպ Նա մեզ կանչում է, որպեսզի էլ ավելի մոտենանք Իրեն։

Երբեմն մենք չենք կարողանում տեսնել, թե ինչպես է Աստված գործում, և այդ պահերը մեզ համար իսկապես շատ ծանր են։ Սակայն Աստվածաշունչն ասում է, որ Տերը կպատասխանի մեզ զարմանալի և հավատարիմ կերպով։ Նա չի փոխվել. ուստի բերե՛նք մեր բոլոր կարիքները Նրա առաջ ու չհանձնվե՛նք, որովհետև Նա դեռ շարունակում է մնալ «երկրի բոլոր ծայրերում և ծովի հեռավոր տեղերում ապրողների» հույսը (Սաղմ․ 65․6)։


Տերը լսում և պատասխանում է մեր աղոթքներին։ Այսօր աղոթենք նաև մեր շուրջը գտնվող մարդկանց կարիքների համար։


Աղոթք – Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ, որ Դու, անկախ ամեն ինչից, լսում և պատասխանում ես մեր աղոթքներին։ Ամեն։










Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 46-48, Մատթեոս 13․1-30