.
2025թ., Հունվարի 20

Հեսու  1․ 1- 9                                                                              Երկուշաբթի   |   Հունվար 20

 

 

 

․․․չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։ Հեսու 1․5

 

ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ


  Հոնկոնգից Ավստրալիա թռիչքի ընթացքում կորցրեցի պայուսակս։ Ես շրջում էի Սիդնեյ քաղաքում, որտեղ ոչինչ չունեի՝ ո՛չ ընկերներ, ո՛չ էլ առաջին անհրաժեշտության իրեր։ Բոլորն ինձ օտար էին, ես երբեք ինձ այդքան միայնակ չէի զգացել։ Ես նստեցի մայթեզրին ու գլուխս հենեցի ծնկներս։ Մեկ շաբաթ առաջ մանրակրկիտ փաթեթավորել էի այն ամենը, ինչ կարող էր անհրաժեշտ լինել երկար ճանապարհորդության համար։ Բայց հիմա ամեն բան խառնվել էր իրար։ Սակայն հենց այդ պահին հիշեցի, որ մենակ չեմ։ Աչքերս փակելով՝ փորձում էի կենտրոնանալ գլխավորի՝ Աստծո խոստացած ներկայության վրա։

Այս խոստումը բազմիցս կրկնվում է Սուրբ Գրքում: Դրանից մեկը տրվել էր անձամբ Հեսուին, երբ Մովսեսը՝ Իսրայելի մեծ առաջնորդը, մահացավ՝ չհասնելով Խոստացված Երկիր։ «Չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ», - ասաց Աստված Հեսուին (Հեսու 1․5)։ Տերը գիտեր Հեսուի վախերն ու մտահոգությունները, և ի պատասխան դրանց՝ բազմիցս քաջալերում էր նրան՝ զորանալ և քաջասիրտ լինել (հ․ 6, 7, 9)։ Հեսուն ընտրեց առաջնորդվել Աստծո պատվիրաններով և վստահ էր Նրա անխափան ներկայության մեջ (հ․ 7-9)։

Մենք կարող ենք մեզ միայնակ զգալ, երբ առնչվում ենք մեծ դժվարությունների՝ սիրելի մեկին կորցնելու, նյութական անհաջողությունների կամ նոր պարտականությունների բեռը կրելու ժամանակ։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ Աստծո խոստումը մշտապես մնում է անփոփոխ. «Մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (հ․ 9)։ Եթե մենք ընդունենք այս ճշմարտությունը մեր մտքով ու սրտով, այն կխնամի մեզ՝ բերելով հանգստություն ու հանդարտություն, կզորացնի մեր հավատքը և կհեռացնի վախերը։


Երբ վախեցած ու միայնակ ենք զգում, անդադար հիշեցնենք մեզ Աստծո խոստումների մասին ու քաջալերնվենք դրանով։


Աղոթք – Խոստումներին հավատարի՛մ Հայր, շնորհակալ եմ, որ ինձ միայնակ չես թողնում անկախ նրանից, թե ինչ դժվարությունների եմ բախվում։ Ամեն։









Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 49-50, Մատթեոս 13․31-58