Դանիել 3․ 13- 28 Երեքշաբթի | Հունվար 21
Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից․․․: Դան․ 3․17
ԴԻՄԱԿԱՅԵԼ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Փհենյան քաղաքում գտնվող «Սիրելի առաջնորդներ» հսկայական ոսկեպատ արձանների բարեհամբույր ժպիտների հետևում թաքնված է սարսափելի իրականություն։ Օրինակ՝ եթե ձեզ մոտ գտնեն Աստվածաշունչ, դա կարող է մահվան դատավճռի պատճառ դառնալ։ Հյուսիսային Կորեայում ապրող մի հավատացյալ վկայել է․ «Բավական է մեկ սխալ, և դուք կկորցնեք ամեն բան»։ Տասնյակ հազարավոր հավատակիցներ այս երկրում իրենց հավատքի համար տանջվում են կալանավորների համար նախատեսված աշխատանքային ճամբարներում։ Սակայն, այդուհանդերձ, այդ նույն հավատացյալը նշում է. «Աստծո նախախնամության, ողորմության և օրհնությունների շնորհիվ մեր ընդհատակյա եկեղեցիների ցանցը դեռ շարունակում է գոյատևել»։
Դանիելի գիրքը նկարագրում է, թե ինչպես է Նաբուգոդոնոսոր թագավորը հրամայում Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին խոնարհվել մեծ ոսկե արձանի առջև՝ սպառնալով նրանց նետել կրակով բորբոքված հնոցի մեջ, եթե նրանք մերժեն կատարել հրամանը (Դան. 3.15)։ Սակայն այդ երեք երիտասարդը, լի հավատքով և վստահությամբ, պատասխանեցին, որ իրենց Աստված զորավոր է և կարող է փրկել թե՛ կրակով բորբոքված հնոցից, թե՛ թագավորի ձեռքից (Դան. 3․17)։ «Իսկ եթե ոչ, ապա իմացի՛ր, ո՛վ թագավոր, որ քո աստվածներին մենք չենք պաշտելու և քո կանգնեցրած արձանին չենք երկրպագելու»»,- հաստատեցին նրանք (հ․ 18)։ Արդյունքում, Աստծո զորությամբ, նրանք հրաշքով փրկվեցին, իսկ Նաբուգոդոնոսոր թագավորը ճանաչեց ճշմարիտ Աստծո մեծությունը և փառքը (հ․ 28)։
Երկուսուկես հազար տարի առաջ այս երիտասարդ հերոսներն անսասան մնացին, քանի որ ճանաչում էին իրենց Աստծուն։ Այսօր աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի նման վայրերում, քրիստոնյաները խիզախությամբ պահպանում են իրենց հավատքը։
Անկախ նրանից, թե ինչ փորձությունների ենք հանդիպում կամ ինչ պահանջներ են ներկայացվում մեզ, հիշենք, որ Աստված մեզ հետ է:
Ի՞նչ փորձությունների ենք ենթարկվում մենք այսօր, որոնց կարող ենք դիմակայել՝ ապավինելով Աստծո զորությանը:
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհի՛ր ինձ խիզախություն, որ բխում է Քեզ ճանաչելուց, որպեսզի կարողանամ քայլել Քո ճշմարիտ շավիղներով և հաղթահարել բոլոր փորձությունները՝ վստահելով Քո զորությանը։ Ամեն։