Բ Կորնթացիներին 4․16-18 Հինգշաբթի | Հունվար 23
Քանի որ այս տեսանելի բաներին չենք նայում, այլ անտեսանելիներին, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական։ Բ Կոր․ 4․18
ԱՍՏԾՈ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Շատ ցավալի է հետևել, թե ինչպես է հայրս աստիճանաբար կորցնում հիշողությունը։ Դեմենցիան համախտանիշ է, որի ընթացքում աստիճանաբար մարում է մարդու անցյալը՝ թողնելով ոչինչ։ Մի գիշեր երազում տեսա Տիրոջը՝ ձեռքին գանձերով լի արկղ։ Նա նայեց ինձ ու ասաց. «Քո հայրիկի բոլոր հիշողություններն այստեղ են։ Ես դրանք ապահովությամբ կպահեմ, և երբ նա կգա դեպի Ինձ, ես դրանք կվերադարձնեմ նրան»։
Այս երազն ինձ մխիթարում էր ամեն անգամ, երբ հայրս հարցնում էր, թե ով եմ ես։ Դա նրա մոտ իսկապես ժամանակավոր էր, քանի որ հայրս հավատում էր Աստծուն, Նա խոստացել էր նրան նոր մարմնում ամբողջական վերականգնում։
Մխիթարություն էր նաև այն, որ Պողոսը երկրային տառապանքը համարում էր «թեթև» (Բ Կորնթ. 4.17): Նա չէր ցանկանում նվազեցնել տառապանքների ծանրությունը, քանի որ ինքը շատ էր տառապել (հ․ 7-12), սակայն այդ խոսքերով նա ուզում էր ընդգծել, որ եթե նայենք հավիտենականության ու ապագա փառքի լույսի տեսանկյունից, մեր դժվարություններն իսկապես թեթև կթվան։ Այն փառահեղ օրհնությունները, որ արդեն ունենք Քրիստոսում, և նաև սպասում են մեզ ապագայում, անչափ գերազանցելու են բոլոր ցավերը, որոնք ապրում ենք այս աշխարհում (հ. 17)։
Աստծո և Նրա խոստումների շնորհիվ մենք չենք ընկնում հուսահատության մեջ։ Նույնիսկ տառապանքների պայմաններում էլ մենք պահպանում ենք մեր հավատքը՝ հուսալով Աստծո վերականգնող ուժին (հ. 16)։ Եկե՛ք մեր հայացքը սևեռենք Նրան, որպեսզի ստանանք այն հավիտենական խոստումները, որոնք տրվեցին Նրա կողմից (հ. 18)։
Ինչպիսի՞ տառապանքների միջով ենք անցնում մենք այսօր, և ինչպե՞ս են Աստծո տված խոստումներն օգնում մեզ մխիթարվել այդ իրավիճակներում։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ իմ տառապանքները չեն կարող համեմատվել Քո խոստացած օրհնությունների հետ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 7-8, Մատթեոս 15․1-20