.
2025թ., Հունվարի 24

Գործք Առաքելոց 16․6-10                                                                      Ուրբաթ   |   Հունվար 24

 

 

«Անցի՛ր Մակեդոնիա և օգնի՛ր մեզ»։ Գործք 16․9

 

ՈՐՏԵ՞Ղ Է ԻՄ ՄԱԿԵԴՈՆԻԱՆ

 

  Ես  հիասթափված և ընկճված էի, քանի որ համոզված էի, որ նոր նախագիծ սկսելով՝ հետևում եմ Աստծո առաջնորդությանը, սակայն առաջին իսկ հանդիպման ժամանակ ղեկավարությունից կտրուկ մերժում ստացա։ Շփոթված ու տարակուսած դուրս եկա գրասենյակից և աղոթքով սկսեցի իմ խռովքն ու մտատանջությունը բացել Աստծո առաջ։ Հանկարծ հիշեցի մի հատված «Գործք Առաքելոց» գրքից, և քիչ անց համոզվեցի, որ Աստված ուղղակիորեն ուղղորդում է ինձ այլ ճանապարհով ճիշտ այնպես, ինչպես Սուրբ Հոգին երկու անգամ կանգնեցրեց Պողոսին և նրա ուղեկիցներին՝ Միջին Ասիայում իրենց ճանապարհորդության ընթացքում։ Այդ գիտակցումը բերեց հոգուս հանգստություն ու խաղաղություն։

Մենք չգիտենք, թե ինչ ծրագրեր ուներ Պողոսն իր միսիոներական ճանապարհորդության համար, բայց հստակ տեսնում ենք, որ Աստված փոխեց դրանք։ Սուրբ Հոգին արգելեց նրան Ասիայում քարոզել Աստծո Խոսքը (Գործք 16․6) և թույլ չտվեց մուտք գործել Բութանիա (հ. 7)։ Սակայն Պողոսը երբեք չդադարեց քարոզել Ավետարանը։ Եվ երբ նա հասավ Տրովադա, գիշերը նրան տեսիլքով երևաց մի մակեդոնացի, ով աղաչում էր, որպեսզի օգնի նրանց (հ. 9)։ Այդ պահին Աստված ուղղորդեց Պողոսին  դեպի Մակեդոնիա։

Ես սկսեցի աղոթքով դիմել Աստծուն՝ խնդրելով առաջնորդել ինձ այնտեղ, ուր Նա կամենում է։ Ժամանակի ընթացքում Տերն առաջնորդեց ինձ դեպի իմ սեփական Մակեդոնիա։ Աստված իրոք առաջնորդում է բոլոր նրանց, ովքեր ձգտում են կատարել Նրա կամքը։ Երբեմն շեղվում ենք ճիշտ ուղուց, սակայն եթե բաց պահենք մեր սրտերը և ուշադրությունը սևեռենք Տիրոջ վրա, Նա անպայման կուղղի մեզ դեպի իր նախասահմանած ճանապարհը։

 

Ինչպե՞ս կարող ենք բաց մնալ Աստծո առաջնորդության համար, եթե այն տարբերվում է նրանից, ինչ մենք ակնկալում ենք։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, առաջնորդի՛ր ինձ դեպի այն այն վայրերը, որտեղ կամենում ես,

 որ կիսվեմ Քո սիրով ու ճշմարտությամբ։ Բացում եմ իմ սիրտն ու միտքը՝ 

ընդունելու և հետևելու Քո առաջնորդությանը։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 9-11, Մատթեոս 15․21-39