.
2025թ., Հունվարի 25

Ա Թագավորների 25․28-31                                                                   Շաբաթ   |   Հունվար 25

 

 

 

․․․իմ տիրոջ հոգին քո Տեր Աստծու առաջ կյանքի ծրարի մեջ ծրարված կլինի․․․։ 

Ա Թագ․ 25․29

 

ԱՍՏԾՈ ԿԱՏԱՐՅԱԼ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ 

 

  Դեյվիդ Վետթերը մահացավ տասներկու տարեկանում՝ ամբողջ կյանքն անցկացնելով խիստ հսկողության տակ։ Նա ծնվել էր ծանր համակցված իմունային անբավարարությամբ (SCID): Ծնողները, ովքեր արդեն կորցրել էին իրենց առաջին որդուն նույն հիվանդության պատճառով, վճռական էին տրամադրված՝ ամեն կերպ պաշտպանել իրենց երկրորդ որդուն։ Նրա կյանքը երկարացնելու նպատակով ՆԱՍԱ-ի ինժեներները նախագծել էին թափանցիկ պլաստիկ արկղ և հատուկ տիեզերական կոստյում՝ Դեյվիդին արտաքին աշխարհ մուտք գործելու հնարավորություն տալու համար։ Դեյվիդի ծնողների նման մենք միշտ պաշտպանում ենք նրանց, ովքեր մեզ համար իսկապես թանկ են։

Աստվածաշունչը պատմում է, թե ինչպես ապագա թագավոր Դավթին մի անգամ վիրավորեց Աբիգեայի անխոհեմ ամուսին Նաբաղը։ Դավիթը զայրացավ և որոշեց վրեժ լուծել Նաբաղից, սակայն Աբիգեան մոտեցավ նրան և ողորմություն խնդրեց իր ամուսնու համար. «Ու թեև հիմա մի մարդ է վեր կացել քեզ հալածելու և քո անձը փնտրելու համար, իմ տիրոջ հոգին քո Տեր Աստծու առաջ կյանքի ծրարի մեջ ծրարված կլինի» (Ա Թագ․ 25․29)։ Այս հատվածում «ծրարված» բառը շատ խոր իմաստ ունի, դա կրում է այն գաղափարը, որ արժեքավոր իրերը ծրարի մեջ էին դնում, որպեսզի սեփականատերը կարողանա դրանք ապահով տեղ հասցնել։ Այնուհետև Աբիգեան հավելում է. «․․․Այս քեզ համար գայթակղություն և իմ տիրոջ սրտի համար խղճի խայթ չլինի, թե առանց պատճառի արյուն թափեցիր, և կամ իմ տերն իր վրեժը լուծեց»  (հ․ 31)։ 

Մենք ձգտում ենք պաշտպանել մեզ և մեր սիրելիներին, երբ դրա կարիքը լինում է։ Բայց միայն Աստծո կատարյալ հոգատարությունը կարող է ապահովել իսկական անվտանգություն։

 

Մեզ հարազատ մարդկանց հանձնենք Աստծո հոգատարությանը, քանի որ Նրա պաշտպանությունը կատարյալ է։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ գիտակցաբար հանձնել իմ սիրելիներին Քո ապահով ձեռքերի մեջ, քանի որ Դու ավելի լավ կպաշտպանես նրանց, քան ես։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 12-13, Մատթեոս 16