.
Բակային ճամբարներ ՀԱԵ տարբեր համայնքներում

Հայաստանի եւ Արցախի մանուկների քրիստոնեական դաստիարակությունը նաեւ ամառային հանգստի միջոցով կազմակերպելու եւ Քրիստոսի Փրկության Բարի Լուրը երեխաներին ավետելու համար, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը ոչ միայն ամառային ճամբարներ են կազմակերպում Հանքավանում, այլեւ՝ բակային  ճամբարներ ՀԱԵ բոլոր համայնքներում: Ամեն տարի 29-ը բնակավայրում կազմակերպված 30-ից ավելի բակային ճամբարներին գրեթե 3000 մանուկ եւ պատանի է մասնակցում: Բակային ճամբարները 5-7 օր են տեւում՝ առավոտից մինչեւ երեկո, երեխաները գիշերում են տանը: Ճամբարի մասնակիցները, հոգեւոր դասերի միջովոց սովորում են Աստծո մասին, լսում պատմություններ ու գործնական քայլերի հնարավորություն ստանում: Հոգևոր կրթությանը  զուգահեռ՝  երեխաները  խաղում  են  էստաֆետային  և  դահլիճային  խաղեր, միասին ճաշում են, սովորում են  երգել, պարել, իրենց  տաղանդներն են  ցուցադրում,  դիտում  զվարճալի տիկնիկային թատրոններ  և  ներկայացումներ,  պատրաստում  գեղեցիկ  ձեռային  աշխատանքներ:

2018թ  հունիսի 12-ին  Ստեփանավան քաղաքում  տրվեց բակային  ճամբարների մեկնարկը՝ 3 հերթափոխով,  որին   մասնակցեց  230 մանուկ, յուրաքանչյուր  հերթափոխին՝  70-80  հոգի։ Ճամբարին  մասնակցելու հնարավորություն  ունեցան  Ստեփանավան  քաղաքի և հարակից  4 գյուղի  երեխաները: Բակային ճամբարի այս տարվա  խորագիրն էր՝  «Աստված  սիրում  և ճանաչում  է  ինձ»։   

Հունիսի 13-ից 17-ը բակային ճամբար տեղի ունեցավ Հայ Ավետարանական Եկեղեցու ՀԱԹ  կենտրոնում։ Ճամբարին մասնակցում էին 6-13 տարեկան  շուրջ 150 մանուկ: «Արաքայից Արքա» խորագրով 5-օրյա ճամբարի ընթացքում երեխաները ծանոթացան աստվածաշնչյան մի քանի թագավորների հետ, իսկ ճամբարի 5-րդ օրը նրանք սովորեցին  թագավորների Թագավոր Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա է ամենամեծ և ամենակարող Թագավորը, և Նա է մեր կյանքի միակ օրինակը։

Երեւանի ՀԱԵ-ում՝  Բաղրամյան 18-ում, «Էմանուել» բակային ճամբարը մեկնարկեց  հունիսի 25-ին: Այս տարի ճամբարի թեման Հիսուսի հրաշքներն էին: 130-ից ավելի երեխաներ՝ Երեւանի կենտրոն և հարակից այլ վարչական շրջաններից, 7 անմոռանալի օր անցկացրեցին ճամբարում: Այս տարի ևս ճամբարին իր մասնակցությունը բերեց Ֆրանսիայից ժամանած մանկական հոգեւոր երգերի հեղինակ եւ կատարող Թամար Ալբարյանը, ով երգերի միջակայքում տարատեսակ քիմիական փորձերով ոչ միայն զարմացրեց երեխաներին, այլեւ անդրադարձավ Աստծո Փրկության Բարի Լուրին: 

Հունիսի վերջին եւ հուլիսի առաջին շաբաթները յուրահատուկ ակտիվ, ուրախ և տոնական էին Գյումրու ՀԱԵ նոր եկեղեցաշենքում: Գյումրու ՔԴ անձնակազմը ցերեկային բակային ճամբարներ էր կազմակերպել գյումրեցի 120 երեխայի եւ 60 պատանիների համար: Ճամբարի թեման էր՝ «Հզորության գաղտնիքը», երեխաները սովորեցին, որ Աստված է հզորության աղբյուրը եւ Նա է մեզ ուժ և զորություն տվողը:

Նոյեմբերյանի ՀԱԵ-ում հունիսի 19-23-ը կայացավ հինգօրյա բակային ճամբար 6-13 տարեկան թվով 85 երեխաների համար: Այստեղ ևս բակային ճամբարի ծրագիրը հագեցած էր խաղերով, ձեռային աշխատանքի ժամերով, որի ընթացքում երեխաները թղթից և այլ նյութերից հետաքրքիր և գեղեցիկ իրեր էին պատրաստում: Բակային ճամբարի հինգ օրերի ընթացքումերեխաները մասնակցում էին նաեւ տարիքային զարգացման և ինտելեկտուալ խաղերին, լուծում էին գլուխկոտրուկներ և խաչբառեր:Բակային ճամբարում սիրո և ընկերական մթնոլորտ ստեղծում էին Աստվածաշնչյան դասերը, որոնց մասին ամեն օր երեխաները լսում էին իրենց խմբերում:

Իջևանի  Հայաստանյայց  Ավետարանական  Եկեղեցում բակային ճամբարը տեղի ունեցավ  հուլիսի  10-14 ը: Թվով 100   երեխաների համար կազմակերպված ճամբարի ընթացքում մասնակիցները սովորեցին Արքայից  Արքայի՝ Հիսուս Քրիստոսի մասին: Թե՛  երեխաները,  թե՛  նրանց  ծնողները սովորեցին, որ  Աստված  օգնական է ցանկացած դժվարության  ժամանակ եւ  ամեն  բան  կարելի  է  հաղթահարել  միայն  Աստծո  միջամտությամբ:

«Արքայից արքա» խորագիրը կրում էր նաեւ ՀԱԵ Շենգավիթ համայնքի «Հույսի Տուն» եկեղեցու հունիսի 26-ից 30-ը կազմակերպած բակային ճամբարը, որին մասնակցեց ավելի քան 100 երեխա: Այստեղ ևս իր մասնակցությունն ունեցավ ֆրանիսայից ժամանած Թամար Ալբարյանը:

Նախորդ
...
X