.
2025թ., Հունվարի 27

Դ Թագավորների 4․1-7                                                                 Երկուշաբթի   |   Հունվար 27

 

Նրանք ամաններ էին տալիս, և նա լցնում էր։ Դ Թագ․ 4․5

 

ՕՐՀՆՎԱԾ՝ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

  Երբ ես լրագրող էի, ինձ դուր էր գալիս պատմել ուրիշների պատմությունները, բայց ինձ սովորեցրել էին, որ պետք է անպայման ունենամ սեփական կարծիք, սակայն նաև դրսևորեմ օբյեկտիվություն։ Երբ Աստված կանչեց ինձ թողնելու լրագրողական գործն ու ծառայելու Իրեն՝ պատմելով մարդկանց Իր մասին, ես վախենում էի։ Վախենում էի բարձրաձայնել իմ անձնական մտքերն ու հատկապես խոսել իմ հավատքի մասին, իսկ բլոգ սկսելուց առաջ ես նույնիսկ մտահոգվում էի՝ արդյո՞ք ասելիք կունենամ։ Սակայն, որոշ ժամանակ անց ինքնաբերաբար սկսեցին խոսքեր ու մտքեր հորդել, որոնցով ես կիսվում էի ընթերցողների հետ։ Ու որքան ավելի շատ գրում էի, այնքան ավելի շատ գաղափարներ ու մտքեր էի ունենում։

Իմ կյանքում բազմիցս զգացել եմ, թե ինչպես է Աստված լցնում ինձ ուրախությամբ և ոգևորությամբ, երբ ես օգտագործում եմ իմ տաղանդներն ու հնարավորությունները՝ ծառայելու ուրիշներին։

Չորրորդ Թագավորաց գիրքը պատմում է մի աղքատ այրու մասին, ով օգնություն խնդրեց Եղիսե մարգարեից, քանի որ խնդիրներ ուներ մահացած ամուսնու պարտապանի հետ։ Պարտապանը պահանջում էր նրա երկու որդիներին, որպեսզի ծառա դարձնի։ Իսկ այրին չուներ ոչինչ, բացի մեկ աման յուղից։ Մարգարեն նրան հրամայեց ու ասաց. «Գնա՛ դրսից՝ քո բոլոր դրացիներից, դատարկ ամաննե՛ր ուզիր և․․․․ յուղը լցրո՛ւ այդ բոլոր ամանների մեջ և վերցրո՛ւ լցվածները» (Դ Թագ. 4․5)։ Ու հրաշք պատահեց ՝ յուղը դադարեց այն ժամանակ, երբ բոլոր ամանները լիովին լցված էին։ Վերջում այրին վաճառեց յուղը, վճարեց պարտքերը և մնացած գումարով ապրեց։

Աստված հավատարիմ է ու միշտ հոգ է տանում մեր մասին: Նա մեզ օրհնել է շնորհներով, տաղանդներով ու ռեսուրսներով, որպեսզի մենք դրանց միջոցով օրհնություն լինենք ուրիշների համար։

 

Չթաքցնենք և չանտեսենք մեր օրհնությունները, այլ գործածենք՝ ծառայեցնելով Աստծո փառքին։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ օրհնում ես ինձ և օրհնություն դարձնում ուրիշների կյանքում։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 16-18, Մատթեոս 18․1-20