Բ Օրենք 8․1-5 Երեքշաբթի | Հունվար 28
Հիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով քո Տեր Աստվածը քառասուն տարի ման ածեց քեզ անապատում․․․։ Բ Օր․ 8․2
ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ «ԱՆԱՊԱՏԻ» ՄԵՋ
Մեր ընտանիքը վերջին հինգ տարվա ընթացքում յոթ անգամ փոխեց բնակության վայրը՝ ամեն անգամ նոր պատճառներով։ Յուրաքանչյուր տեղափոխություն նոր փորձություն էր մեզ համար՝ լի անհարմարություններով և անորոշությամբ։ Ամեն անգամ մենք փաթեթավորում էինք մեր կյանքն արկղերի մեջ՝ մտորելով, թե ինչ է մեզ սպասում հաջորդ տանը։ Մենք մեծ գումարներ էինք ծախսում տեղափոխման, բեռնատարների և իրավաբանական հարցերի լուծման համար, սակայն ամենամեծ գինը, թերևս, վճարում էինք մեր զգացմունքներով։ Երբեմն տեղափոխությունը հանգեցնում էր հուսահատության. ստիպված էինք հրաժեշտ տալ այն վայրերին, որոնք սիրով լցրել էին մեր օրերը և հայտնվում էինք ժամանակավոր բնակարաններում, որտեղ ամեն անկյուն հիշեցնում էր մեր կացության անորոշությունը։ Անկասկած, մեր վիճակն ավելի լավ էր, քան աշխարհի շատ փախստականների․ մենք քաղցած չէինք և ցրտից չէինք տառապում։ Բայց այս փորձառությունը մեզ սովորեցրեց մի կարևոր ճշմարտություն․ անորոշության մշտական զգացումը խիստ ծանրացնում է մարդու սիրտն ու հոգին։
Իսրայելացիները հաճախ դժգոհում էին իրենց 40 տարվա անապատային թափառումներից, և դա հասկանալի էր. կյանքն անապատում լի էր փորձություններով։ Բայց մինչ Ավետյաց երկիր մտնելը Մովսեսը հիշեցրեց նրանց, թե ինչպես է այդ ընթացքում Աստված իր հոգածությամբ նրանց կողքին եղել. «Քո հագուստը չհնացավ քեզ վրա, և քո ոտքերը չուռեցին այս քառասուն տարում» (Բ Օր. 8․4): Աստված նրանց համար երկնքից մանանա էր ուղարկում, իսկ ժայռից ջուր էր բխեցնում։ Այդ փորձությունները, սակայն, հոգևոր նպատակ էին կրում՝ խոնարհեցնելու, փորձելու և բացահայտելու, թե ինչ է թաքնված նրանց սրտում (հ․ 2)։
Երբեմն մենք անմիջապես չենք հասկանում այն բարի նպատակը, որն Աստված ունի մեր դժվարությունների մեջ։ Սակայն Նա երբեք մեզ չի թողնում, և եթե վստահենք Աստծո Խոսքին, այն կարող է մեզ ուժ տալ և օգնել, որ ժամանակի ընթացքում գտնենք փորձությունների իրական իմաստը։
Հիշե՛նք մեր կյանքում եղած «անապատները» և դրանց մեջ Աստծո անսահման հոգատարությունն ու առաջնորդությունը:
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ դժվար պահերին տեսնել, թե ինչպես ես հոգ տանում իմ մասին և ինչպես ես օգտագործում այդ դժվարությունները՝ ինձ ավելի զորացնելու համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 19-20, Մատթեոս 18․21-35